«Լռելու ունակությունս դեգրադացվել է». Նիկ Եգիբյանը 33-ամյակի և նորությունների մասին

Շատերը կարանտինի ընթացքում ձանձրանում են, զբաղմունք են փնտրում, բայց ոչ երգիչ Նիկ Եգիբյանը։ Showbiz.am կայքի հետ զրույցում երգիչը խոստովանեց, որ ազատ ժամանակ քիչ է ունենում, որովհետև մշտապես աշխատում է իր նոր երգերի ու տեսահոլովակների վրա։
Վերջերս նա իր երկրպագուների դատին հանձնեց «Հեռու» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը կարճ ժամանակահատվածում մեծաթիվ դիտումներ ու հավանումներ հավաքեց ու սիրվեց շատերի կողմից։

Տեսահոլովակում գլխավոր հերոսների դերում հանդես էին գալիս երկու փոքրիկներ, ովքեր իրենց դերասանական խաղով հիացրին մի շարք երկրպագուների։

«Տեսաոլովակում երեխաներն իմ ընկերներինն են, միշտ նրանց հետ խաղալիս ասում էի՝ այ, որ մեծանան, հարկավոր է նրանց մասնակցությամբ տեսահոլովակ նկարահանել առաջին սիրո մասին։ Շատ օրգանիկ ձևով ամեն ինչ ընթացավ։
Իհարկե, երկու գերակտիվ երեխա կառավարելը շատ-շատ բարդ բան է, բայց քանի որ ես էի հենց նկարահանում բջջայինով, ուղղակի աշխատում էի կողքից բռնացնել նրանց բնական պահելաձևը։ Օրվա վերջում հասկացա, որ եթե զույգ երեխա ունենամ, կխելագարվեմ»,- ժպիտով պատմում է Նիկը։

Երգիչը կիսվեց ուրախալի լուրով՝ հայտնելով, որ սրանից բացի դեռ մի շարք ստեղծագործական անակնկալներ էլ է պատրաստել երկրպագուների համար։
«Տեսահոլովակներ ունեմ նոր, որոնք սպասում են իրենց հերթին։ Նոր մինի ալբոմներ ունեմ, որոնցից մեկը կներկայացնեմ այս ամսվա վերջում, որովհետև չեմ համբերի, իսկ մյուսը, երևի՝ կարանտինի ավարտից հետո։ Առաջինը ժամանակակից ալբոմ է՝ հեղինակային երգերով, մյուսում հայկական, ռեստորանային երգեր են, իմ ոճով երգած քավերների ալբոմ է»,- մանրամասնում է արտիստը։

Նիկ Եգիբյանը խոստովանում է, որ կարանտինի պատճառով մի շարք ծրագրեր հետաձգվեցին։
«Որպես «Թե կարող ես» նախագծի հաղթող պետք է մեկնեի հանգստանալու, բայց դե չստացվեց։ Ինձ անվճար հանգիստ չի հասնում, երևի»,- կատակում է Նիկը։

Արտիստը նաև հավատացնում է, որ կարանտինի ընթացքում զբաղվելու շատ բան ունի, ինչպես նաև անդրադառնում է ինքնամեկուսացման դրական կողմերին․«Փառք Աստծո, ես ինձ զբաղեցնելու բոլոր հնարավորությունները տանը ստեղծել եմ․ երգում եմ, երգեր եմ գրում, գործիքավորում եմ իմ նոր երգերը։ Վերջերս մանկությունս էի հիշել՝ փլեյստեյշն եմ գնել, խաղեր եմ խաղում, դիտում եմ բոլոր ֆիլմերը, սերիալները, որոնք ուզել եմ ժամանակին դիտել, բայց ժամանակի խնդիր է եղել։ Մարզվում եմ, համով ուտեստներ եմ պատրաստում։ Իմ կյանքն ավելի պրոդուկտիվ ու եսասեր է դարձել։ Վերջապես ժամանակ ունեմ ինքս ինձ համար։

Կարանտինի շնորհիվ սկսում ես ճանաչել ներքին շրջանդ, ընկերներիդ։ Վերաիմաստավորում ես և մաքրում ես շրջապատդ։ Չկա չարիք առանց բարիքի»։

Կարանտինից բավականին տուժել են մշակութային ոլորտի ներկայացուցիչները։ Խոսելով համաճարակի հետևանքով առաջացած խնդիրների մասին՝ Նիկն ասում է․«Ուղղակի կասեմ, որ Փառք Աստծո, իմ եկամուտը կախված չի մշակույթի հետ։ Ցավալի է, որ այսպես է ստացվել, իմ գործընկերների հետ շփվելով՝ հասկանում եմ, որ շուտով ամեն ինչ կհասնի ծայրահեղ եռման կետի, բայց ունենք այն, ինչ ունենք»։

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ Նիկ Եգիբյանը նշում էր իր ծննդյան տոնը։
Երգիչը խոստովանում է, թե այս տարիների ընթացքում բնավորության ինչ կարևոր գծեր է ձեռք բերել, և ինչ գծերից է ձերբազատվել։
«Դարձա 33 տարեկան, մոմերը փչելիս բոլոր թանկ ու հարազատ մարդկանց առողջություն ցանկացա։
Տարեց տարի տոլերանտությունս կորցնում եմ, լռելու ունակությունս դեգրադացվել է, էլ չեմ կարողանում պոլիտկորեկտությունից ելնելով՝ լռել։ Եթե հիմար բաներից են խոսում ինձ հետ, մի տեսակ ավելի էգոիստաբար եմ վատնում էմոցիաներս, ավելի լավ եմ սկսել տարանջատել մարդկանց տեսակները։ Միևնույն ժամանակ սկսել եմ ավելի մանկանալ, ինձ չեմ զգում 33 տարեկան։ Ավելի ճիշտ՝ 13 տարեկան մարդ է փակված 33-ի մարմնում»,- կիսվում է երգիչը։

Անդրադառնալով այդ օրը ստացած նվերներին՝ Նիկն ասում է․ «Չեմ սիրում նվերներ ստանալ, սիրում եմ նվերներ տալ, հատկապես, առանց առիթի, իմ ընկերները դրա մասին լավ գիտեն։ Նվեր ստանալ չեմ սիրում, որովհետև իմ ունեցած բոլոր մատերիալիստական բաների նկատմամբ շատ բծախնդիր եմ, ու ընկերներիս համար տանջանք է ինձ համար նվեր ընտրելը։
Ինձ թանկարժեք իրերով չես զարմացնի, ես սիրում եմ հավատարիմ, պարզ ու ճիշտ վերաբերմունք։ Իրերը ժամանակավոր են , հիշողությունները՝ հավերժ»։

Մեր զրույցն արտիստը եզրափակում է՝ պատմելով, թե ինչ կցանկանա մաղթել ինքն իրեն 33-ամյակի կապակցությամբ․ «Ինքս ինձ կմաղթեի չհնանալ, անընդհատ կատարելագործվել և վերագտնել ինքս ինձ, չալարել չվախենալ, նոր բաներ փորձել՝ թե՛ կյանքում, թե՛ գործի մեջ։ Ու կմաղթեի շատ ճամփորդել»։

 Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան