Ջոն Տրավոլտան կրծքագեղձի քաղցկեղի պատճառով կորցրել է ոչ միայն կնոջը, այլ նաև իր առաջին սիրուն

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոն Տրավոլտան, որը նախօրեին հայտնել էր կրծքագեղձի քաղցկեղի պատճառով կնոջ՝ դերասանուհի և ֆոտոմոդել Քելի Փրեստոնի մահվան մասին, 1977-ին միևնույն հիվանդության պատճառով կորցրել է իր առաջին սիրուն՝ դերասանուհի Դայանա Հայլենդին, գրում է Daily Mail-ը։

23-ամյա Տրավոլտան և 41-ամյա Հայլենդը ծանոթացել էին The Boy in the Plastic Bubble ֆիլմի նկարահանումների ժամանակ, որում Հայլենդը խաղում էր Տրավոլտայի մոր դերը։ Ֆիլմը թողարկվել է 1976 թվականին՝ Տրավոլտայի գրկում Հայլենդի մահվանից մեկ տարի առաջ։

Երիտասարդ դերասանը People ամսագրին տված անկեղծ հարցազրույցում հայտնել էր, որ պատրաստվում էր ամուսնանալ դերասանուհու հետ, բայց չհասցրեց։

«Ես երբեք կյանքում այդքան սիրահարված չեմ եղել որևէ մեկին։ Նախկինում մտածել եմ, որ սիրահարված եմ, բայց դա այն չէր, ինչ հիմա եմ զգում»,- Հայլենդի հանդեպ տածած սիրո մասին ասել էր դերասանը։

Դերասանի խոսքով՝ մեկ ամիս պահանջվեց Հայլենդին և նրա՝ նախորդ ամուսնությունից 4-ամյա որդուն նվիրվելու և սիրելու համար։

«Մենք, ասես, երկու մոլագարներ լինեինք, որոնք անընդհատ խոսում էին նկարահանման հրապարակում»,- խոստովանել է Տրավոլտան։

Զույգի ռոմանտիկ հարաբերություններից կարճ ժամանակ անց 41-ամյա դերասանուհու մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, և ամիսներ անց նա մահացել է Տրավոլտայի գրկում։

Ինչպես գրում է աղբյուրը, դերասանուհու մահից հետո Տրավոլտան նկարահանվել է նրան մեծ հռչակ բերած Grease մյուզիքլում, սակայն նկարահանումների ամբողջ ընթացքում պայքարել է անձնական վշտի դեմ։

Իր կնոջ՝ Քելի Փրեստոնի հետ դերասանը ծանոթացել է 1987 թվականին՝ «Փորձագետները» (The Experts) ֆիլմի նկարահանման հրապարակում։ Տրավոլտան այն անվանել է «սեր առաջին հայացքից»։

Հիշեցնենք, որ Ջոն Տրավոլտան նախօրեին ինստագրամյան էջում հայտնել էր, որ կրծքագեղձի քաղցկեղից մահացել է իր 57-ամյա կինը։