Դիշդիշյանի ընկերությունը Անդրեասյան եղբայրներից պահանջում է ներդրումների վերադարձ

Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիան» դատարանի միջոցով 50 միլիոն ռուբլի է պահանջում Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանների «Մեծ կինո» ընկերությունից։ «Կոմերսանտը»  գրում է, որ «Մարս Մեդիան» գումար է  ներդրել եղբայրների նկարահանած «Կոմա» ֆիլմի արտադրության մեջ, որի պրեմիերան կայացել էր այս տարվա հունվարին, բայց նրանց չի հաջողվում վերադարձնել այդ գումարը, քանի որ, ըստ  պատասխանող կողմի, համավարակի պատճառով  զրկվել են ակնկալվող միջազգային գործարքներից։

Ֆիլմի բյուջեն կազմել է 250 միլիոն ռուբլի, մինչդեռ ռուսական վարձույթում այն հավաքել է ընդամենը 151 միլիոն ռուբլի։ Բացի «Մարս Մեդիայից», ֆիլմը ֆինանսավորել են նաև КИТ կինոստուդիան և Արմեն Անանիկյանի Fresh Film-ը, նաև Կինոյի հիմնադրամը, որը տրամադրել էր 40 միլիոն ռուբլի՝ անվերադարձ և 60 միլիոն ռուբլի վերադարձնելու պայմանով։

Ղ.Անդրեասյանն ասել է, որ «Մեծ կինոն» գործընկերների հետ իրավիճակի կարգավորման եզրափակիչ փուլում է գտնվում, քննարկվում է ֆիլմի  նկատմամբ հեռուստատեսային իրավունքի հաշվին միջոցների վերադարձի հարցը։