Հինգ պարզ քայլ առանց սննդակարգերի ու խիստ սահմանափակումների ավելորդ քաշից ազատվելու համար

Ավելորդ քաշից ազտատվելու համար մարդիկ սովորաբար դիմում են խիստ սննդակարգերի ու հատուկ մարզումների օգնությանը, սակայն նման մեթոդները ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ որոշակի առողջական խնդիրների պատճառ են դառնում։ Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ իրականում ցանկալի արդյունքին հասնելու համար շատ մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ մի քանի պարզ փոփոխությունն անգամ կարող է շատ արդյունավետ լինել։

Սննդաբան Վիկտորյա Կլյաուզն իր ինստագրամյան էջում նշել է հինգ պարզ քայլ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից առանց սննդակարգերի ու խիստ սահմանափակումների։

Ճաշին անպայման աղցան ուտել

Ճաշին աղցան ուտելը չի նշանակում, որ հարկավոր է սահմանափակվել միայն դրանով, սակայն հիմնական ուտեստը հարկավոր է անպայման համադրել բանջարեղենի հետ։ Ընդ որում` այս սովորությունը դրական կանդրադառնա ոչ միայն կազմվածքի, այլև մաշկի վիճակի վրա։

Օրական ընդամենը մեկ վնասակար մթերք օգտագործել

Բոլորն էլ պարբերաբար ցանկանում են որևէ վնասակար մթերք ուտել, սակայն հարկ է հիշել, որ օրական կարելի է օգտագործել ընդամենը մեկ ոչ շատ օգտակար մթերք։ Օրինակ` առավոտյան կոնֆետ ուտելու դեպքում երեկոյան չիպսերի մասին հարկավոր է մոռանալ։ Սա կօգնի ավելի մտածված մոտենալ սննդի ընտրությանն ու վերահսկողության տակ պահել օգտագործվող վնասակար մթերքի քանակությունը։

Որևէ բան խմելու ցանկության դեպքում խմել ջուր

Շոգ եղանակին շատերը փորձում են հագեցնել ծարավը կիտրոնի համով ըմպելիքների, սառը թեյերի կամ տարատեսակ գազավորված ըմպելիքների միջոցով, սակայն պարզապես մաքուր ջուր կամ առանց շաքարավազի թեյ խմելը շատ ավելի արդյունավետ ու օգտակար կլինի։

Լինել ֆիզիկապես ակտիվ ամեն օր

Ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է, սակայն պետք չէ ամեն օր հաշվել քայլերը, անոթազարկին ու անցած կիլոմետրերը։ Պարզապես հարկավոր է ամեն օր լինել նույնքան ակտիվ, որքան նախորդ օրը, և հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել նստած։

Հետևել սոցիալական ցանցերի վրա վատնվող ժամանակին

Տարատեսակ սոցցանցերի վրա հնարավորինս քիչ ժամանակ վատնելու դեպքում բավական շատ ժամանակ կազատվի առօրյա գործերի և ֆիզիկական ակտիվության համար, ուստի անհրաժեշտ է խստորեն վերահսկել առցանց տիրույթում վատնվող ժամանակը։