«ԹթվաԾին». օնլայն հարթակում կկայանա Կարո Բալյանի ներկայացման պրեմիերան

«ԹթվաԾին». այսպես է կոչվում ռեժիսոր Կարո Բալյանի նոր ներկայացումը, որի պրեմիերան կկայանա հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի (Yerevan Shakespeare International Theater Festival) Ֆեյսբուք-ի պաշտոնական էջում: Այս ներկայացումը համավարակի մասին է՝ հարցազրույցների հիման վրա ստեղծված:
«ԹթվաԾին»-ը վերբատիմ ժանրի պիես է, որը թույլ է տալիս նվազագույն կորստով տեղափոխվել առցանց հարթակ: Պիեսի հեղինակը հենց ռեժիսորն է: Սա Բալյանի հեղինակած չորրորդ պիեսն է: Առաջին գործը սիրիական պատերազմի մասին է եղել՝ կրկին վերբատիմ ժանրի:

ShowBiz-ին պատմելով, թե ինչպես առաջացավ պիեսի մտահաղացումը` Կարո Բալյանն ասում է. «Չեմ ֆիքսել այդ պահը, թե ինչպես առաջացավ մտահղացումը, բայց կարևորը, որ արդեն առաջացել է»:

Նախագծում զբաղված են Մկրտիչ Արզումանյանը, Լուիզա Ներսիսյանը, Անուշիկ Առաքելյանը, Ստեփան Ղամբարյանը, Սաթենիկ Հազարյանը, Զառա Սահակյանը, Արման Մարգարյանը, Թամարա Գևորգյանը, Մխիթար Ավետիսյանը, Միլենա Ավանեսյանը, Արմեն Միքայելյանը: Խոսելով ֆինանսավորման մասին` ռեժիսորը նշում է. «Ֆինանսավորված չի նախագիծը որևէ կառույցի կողմից, ինչ վերաբերում է դերասաններին՝ նրանք իրական արվեստի նվիրյալներ են, ու եթե իրական արվեստի միջոցով օգուտ կարող են տալ մեր երկրին, նրանք վստահաբար նման մտահաղացման առաջին շարքերում են ..»:

Քանի որ կարանտինի վերջը դեռ հստակ չի երևում, մոտակա ժամանակներում թատերասերները ստիպված պետք է բավարարվեն միայն առցանց ներկայացումներով:
«Սկսել եմ Հայաստանում թատրոնի ապագան շատ աղոտ տեսնել .. բայց կարծում եմ՝ դա իմ տեսողությունից է, չեմ հավատում, որ ճիշտ եմ կանխազգում .. էնպես որ հուսով եմ՝ ամեն ինչ դեռ լավ կլինի …»:

Անդրադառնալով հետաձգված ծրագրերին ու իր ներկայիս ֆինանսական վիճակին` Կարո Բալյանն ասում է. «Արտասահմանում բեմադրության պատվերներ ունեի, որոնցից մեկը կիսատ էի թողել, մյուսը նոր պետք է սկսեի, զանգել ասել եմ՝ ավանսս ուղարկեք ապրեմ, գումարի 15%-ը ուղարկել են, ես էլ այսս մի քանի ամիսը այդպես ապրել եմ։ Չնայած թատերական ինստիտուտից էլ եմ գումար ստացել, ու ինչպես միշտ՝ առաջին սրճարան նստելուս հետ վերջացել է»:

Իր խոսքը ռեժիսորը եզրափակում է` կիսվելով ապագայի ծրագրերով:
«Իտալիայի բեմադրությունս տեղափոխվեց նախնական 2021 թվի աշուն, չգիտեմ էլի կհետաձգվի, թե ոչ։ ՌԴ-ում մի բեմադրություն էլի հետաձգվեց անորոշ ժամանակով, բայց դեռ 3-ը պահպանվում են, հիմա հենց սահմանները բացվեն, պետք է գնամ շարունակեմ, սպասում են…տեսնենք ոնց կլինի… առաջ Աստված…»:

Հեղինակ` Տաթևեր Լազարյան