«Թատրոնն իմ ամուսինն է, իսկ կինոն և հեռուստատեսությունը՝ իմ սիրեկանները»․ դերասանուհի Մարիամ Դավթյան

Թատրոնի և կինոյի դերասանուհի Մարիամ Դավթյանին շատերը ճանաչում են հեռուստատեսային բազմաթիվ դերերով, սակայն դերասանուհին երկար տարիների գործունեություն է ծավալել նաև թատրոնում և այժմ էլ շարունակում է՝ աշխատելով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

ShowBiz.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել Մարիամի հետ, ով պատմել է թատրոնի կյանքի, իր երազանքի դերերի, հիասթափությունների, ամենավառ հիշողության և ապագա ծրագրերի մասին։

-Շատերն արդեն վերադարձել են թատրոն՝ իրենց աշխատանքին․ դուք արդեն հասցրե՞լ եք վերադառնալ Ձեր սովորական կյանքին և առօրյային։

-Ցավոք, դեռ թատրոնները չեն վերադարձել իրենց բնականոն աշխատանքին, հետևաբար մենք էլ դեռ ապրում ենք սպասումով… Մեր թատրոնը այս ընթացքում տարբեր նախաձեռնություններ է իրականացրել․ այս պահին, համագործակցելով թանգարանների հետ, աշխատանքներ են տարվում։

-Հաճախ այնպես է ստացվում, որ հնարավոր չի լինում համատեղել անձնական կյանքն ու աշխատանքը, ու դրանցից մեկն ինչ-որ տեղ միշտ տուժում է։ Ձեզ մոտ հե՞շտ է ստացվում դրանք համատեղելը, և արդյո՞ք եղել է պահ, երբ դրանցից մեկի առկայությունը խոչընդոտել է մյուսի գոյությանը։

-Իհարկե, եղել են պահեր, շրջաններ իմ կյանքում, երբ ընտրության առաջ եմ կանգնել։ Աշխատել եմ անել այն, ինչ իմ սիրտն է թելադրում, բայց եղել են շրջաններ, երբ հանգամանքների բերումով ստիպված եմ եղել ինչ-որ բանից հրաժարվել։ Այդպես օրինակ՝ մոտ 7-8 տարի գրեթե բեմ չեմ բարձրացել ու շատ եմ ընկճվել։ Ու այդ ամենից մի քանի դրական բաներ սովորեցի թատրոնի և ընդհանրապես կյանքի վերաբերյալ. ամենակարևորներից՝ գնահատիր այն, ինչ ունես։ Այսօր ես այնտեղ եմ, որտեղ ես ուզում եմ լինել՝ ապրում և աշխատում եմ Հայաստանում։

-Ո՞ր դերն եք միշտ երազել խաղալ և առհասարակ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի դուք դերի առաջարկը ստանալիս այն ընդունեք։

-Այդքան շատ կենտրոնացած չեմ կոնկրետ որևէ կերպարի վրա, բացի մեկից. արդեն մի քանի տարի է, ինչ երազում եմ Ֆրիդա Կալո խաղալ։ Ինձ համար առաջնայինն այն է, որ կերպարը հետաքրքիր լինի ինձ համար, ասելիք պարունակի իր մեջ և համահունչ լինի իմ ներաշխարի հետ, ցանկալի է նաև, որ մեծ ներկապնակ ունենա և, իհարկե, ոգեշնչի ինձ։ Նույնիսկ, երբ միայն մի պարագայով է ինձ գրավում կերպարը, ես փորձում եմ դրանով ինձ բոցավառել և անցնել աշխատանքի։

-Թատրո՞նն եք գերադասում, թե՞ հեռուստատեսությունը, այսօր դրանցից ո՞րն է Ձեզ ավելի բավարարում։

-Մեր շատ սիրելի դերասան Մհեր Մկրտչյանը ժամանակին այսպես է արտահայտվել՝ թատրոնն իմ կինն է, իսկ կինոն՝ իմ սիրուհին։
Փոխակերպելով կասեմ՝ թատրոնն իմ ամուսինն է, իսկ կինոն և հեռուստատեսությունը՝ իմ սիրեկանները։ Այսքանով ամեն ինչ ասված է։

-Ո՞րն է թատրոնի հետ կապված Ձեր ամենավառ հիշողությունը։

-Առաջին ամգամ թատրոնում հայտնվելն ու թատրոնի սպեցիֆիկ հոտը։ Առաջին անգամ պրոֆեսիոնալ դերասանների հետ բեմում խաղալն ու պրեմիերան… Մի քանի ներկայացումներ կան, որոնցից շատ եմ տպավորվել երիտասարդ տարիքում. մեկը՝ Լենկոմ թատրոնի «Յունոնա և Ավոս», մյուսը՝ Մետրո թատրոնի «Ուիլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ» ներկայացումներն են, որում հետագայում, ինձ համար շատ անսպասելի, խաղացի նաև ես։
Իսկ ամենավերջին վառ տպավորությունն այն է, երբ Արմեն Էլբակյանը առաջարկեց «Պեպո» ներկայացման մեջ Կեկել խաղալ։ Դա մեծ նվեր էր ինձ համար՝ իմ տարիքում խաղալ երիտասարդ աղջնակ։

-Արդյո՞ք դերասանուհի Մարիամը տարբերվում է ընկերների, մտերիմների ճանաչած Մարիամից։ Ինչպիսի՞ն եք Դուք տանը՝ հարազատների շրջապատում։

-Ամեն մեկը ինձ ընկալում է յուրովի։ Ավելի ճիշտ կլինի իրենց հարցը ուղղել։ Կասեմ միայն, որ այն Մարիամը, որը աշխատանքի մեջ է, բեմում կամ կինոյում՝ ուրիշ մարդ է։ Տանը՝ հարազատների հետ, ես ավելի հանգիստ և ապահով եմ ինձ զգում։

-Կարանտինի ընթացքում ինչպե՞ս եք հետևում Ձեր կազմվածքին։ Եվ առհասարակ ի՞նչ է կնոջն անհրաժեշտ տան պայմաններում խնամված և գեղեցիկ տեսք ուենալու համար։

-Կարանտինի առաջին կեսին տանը մարզվում էի, այս պահին դադարել եմ, պետք է տրամադրվեմ ու վերսկսեմ պարապունքները, քանի որ առայժմ խուսափում եմ մարզասրահ գնալուց։
Առաջին հերթին անհրաժեշտ է ցանկություն ու համապատասխանող պարագաներ։ Իհարկե, ամեն ինչին կարելի է հարմարվել, բայց ցանկալի է, այնուամենայնիվ, այցելել գեղեցկության սրահ. բացի այն հանգամանքից, որ կան բաներ, որոնք դժվար է իրականացնել տանը, նաև այն, որ հիմնականում կանանց համար սրահ այցելելը ծեսի նման մի բան է, որից հետո կինն իրեն զգում է ավելի գեղեցիկ ու ցանկալի։

-Ամառն ընդունված է համարել հանգստի սեզոն, եթե այս իրավիճակը չլիներ, նախատեսե՞լ էիք ինչ-որ տեղ մեկնել հանգստանալու։ Եվ արդեն այս իրավիճակով պայմանավորված՝ ցանկություն կամ նպատակներ ունե՞ք հանգիստը հայաստանյան ինչ-որ գեղեցիկ մի վայրում անցկացնելու։

-Օգոստոսին սովորաբար մեկնում եմ Իսրայել՝ աղջկաս, նրա ընտանիքի ու մայրիկիս մոտ։ Այս տարի դեռ չգիտեմ՝ ինչպես կլինի․․․ ժամամակը ցույց կտա։
Իսկ Հայատանում գրեթե ամեն տարի որևէ մի տեղ գնում եմ հանգստի. այս տարի էլ, կարծում եմ, կհաջողվի դա իրականացնել։ Պլանավորում եմ Դիլիջան մի քանի օրով գնալ։

Հեղինակ՝ Լուս Ավագյան