«Ժամանակն իմ փոխարեն որոշեց»․ երգչուհի Էվա Ոսկանյանի կարանտինն ու դրանով պարտադրված նոր մասնագիտությունը

Կարանտինի հետևանքով շատ մշակույթի գործիչներ ստիպված փոխում են իրենց գործունեության բնույթը։ Օրինակ՝ վերջերս Showbiz.am կայքի հետ զրույցում դերասան, ռեժիսոր, երգիչ Մանվել Խաչատրյանը խոստովանեց, որ սկսել է տաքսի վարել, իսկ օրերս պարզ դարձավ, որ դերասանուհի և երգչուհի Էվա Ոսկանյանն այժմ աշխատում է որպես հոգեբան և մասնագիտական կենտրոններից մեկում հեռավար հոգեբանական աջակցություն է ցուցաբերում։

Ինչպե ՞ս է անցնում Ձեր կարանտինային առօրյան և ինչպե ՞ս որոշեցիք աշխատել որպես հոգեբան:
Տատանողական է, մինչև մարտի կես առօրյաս այնքան էր լցված, որ չէի հասցնում նույնիսկ քնել, հետևաբար առաջնահերթ մի քանի օր թույլ տվեցի ինձ շունչ քաշել։ Հետո հասկացա, որ այդքանն ինձ լիարժեք բավական է, սակայն թե՛ երաժշտական, և թե՛ թատրոնի ու կինոյի ոլորտը կանգնեց։ 2-րդ մասնագիտությանս՝ հոգեբանությանը, որոշել էի վերադառնալ 30-ից հետո, բայց ժամանակն իմ փոխարեն որոշեց, և դրա շնորհիվ սկսեցի կենտրոններից մեկում հեռավար հոգեբանական աջակցություն ցուցաբերել։ Մայիսի կեսից, երբ հանվեցին որոշ արգելափակումներ, փորձեցի շարունակել գործունեությունս մշակութային ոլորտում, սակայն դեռևս ապարդյուն.. փորձում եմ ինձ ձիգ պահել, չհուսահատվել, մնալ դրական տրամադրված, բոլորս ենք ծանր ճգնաժամային վիճակում։ Անընդհատ ինձ հիշեցնում եմ, որ սա էլ կանցնի»։

Իսկ կա ՞ն նորություններ ստեղծագործական ոլորտում:
Նորությունները շատ կլինեին, եթե լիներ հնարավորություն դրանք իրականացնելու և ներկայացնելու։ Առայժմ բոլոր մասշտաբային ծրագրերն ինձ հետ միասին լուռ սպասում են իրենց ժամին։ Լավ հեռուստադիտողն արդեն կարող է դիտել հայ-ամերիկյան համագործակցության արդյունքում ստեղծված բազմասերիանոց ֆիլմը, որտեղ նկարահանվում էի մինչև արտակարգ իրավիճակը:
Կոչվում է «Purgatory», հայկական «Քավարան» ֆիլմի remake-ն է, որը ձևափոխվել է ամերիկյան լսարանի համար։ Ռեժիսորները երկուսն են.՝ Հայկ Կբեյանը, և Michael Caissie-ն (Մայքլ Քեիսի) ԱՄՆ-ից։ Համագործակցությունն անսահման հետաքրքիր ու հագեցած էր, դժվարությամբ եմ համբերում՝ սպասելով իրավիճակի կայունացմանը նաև այս առումով. աննկարագրելի կարոտել եմ նկարահանումները։

Կպատմե՞ք Ձեր դերի մասին:
-Դերը բավականին սպեցիֆիկ է՝ խորապես խոցված, ցավացած մի աղջիկ, որը տարիներ առաջ ունեցած իրադարձություններից բավականին լուրջ հոգետրավմայի արդյունքում իր կյանքի միակ իմաստն ու նպատակը դարձրել է արդարության արձանագրումը։ Սա այն է, թե ինչպես եմ ես նրան ընկալում:

Կերպարը կերտելու ընթացքում եղե՞լ են դժվարություններ:
-Կերպարը կերտելու ընթացքում դժվարություններ չեն եղել, սակայն քանի որ ինտենսիվ գրաֆիկով էինք աշխատում, տևական ժամանակ անց եղել են պահեր, երբ «բռնացնում էի» ինձ էսպես ասած «դերի տակ» մնալու վրա. աննշան կարճատև պահեր էին, որոնք հուսամ՝ միայն ես եմ նկատել, ու 1-2 օր նման տենդենց ֆիքսելուց հետո, ինքս ինձ համար հնարած փոքրիկ հնարքի միջոցով շատ արագ վերադառնում էի իրականություն։

Եղե՞լ են մտավախություններ դերի հետ կապված: Կամ ի՞նչ կերպար կցանկանայիք մարմնավորել:

– Երբ առաջին անգամ կարդացի տեքստից մի փոքրիկ հատված, չիմանալով ինչ է կատարվում, ինչ կերպար է, մի քանի տողով փորձում էի պատկերացնել ու գուշակել, թե ո՞վ է։ Երկու կանանց դիալոգ էր, ու կարդացած տեքստից ինչ-որ պահ եզրահանգեցի. «Հմմ, աչքիս սիրուհու դեր պիտի փորձե՞մ…. ըհհ, դե լավ»: Հետո, իհարկե, պարզվեց լրիվ այլ բան: Թեև ապագայում, ճիշտն ասած, շատ կուզեմ փորձել՝ ծայրահեղ բացասական կերպար մարմնավորեմ:

Իսկ ո՞ր դեպքում եք ընդունում ռեժիսորի առաջարկը:
-Նկարահանումների առումով ինձ համար կարևոր է 2 բան՝ բովանդակությունն ու թիմը:
Երբ ամեն մեկն իր գործին նվիրված լիարժեք ներդնում է ուժերն ու ռեսուրսները՝ ստացվում է որակյալ աշխատանք յուրաքանչյուր ոլորտում։

Ձեր կարծիքով ո՞րն է այսօր հայկական հեռուստաֆիլմերի ու սերիալների գլխավորը խնդիրը:
-Երբ ամեն մեկը լիարժեք և նվիրյալ զբաղվում է իր գործով՝ արդյունքը պիտի լավը լինի։ Մեզ մոտ 1 հոգին հաճախակի կատարում է 10 հոգու աշխատանք, դա առնվազն հերիք է, որ որակը տուժի։ Մյուս կողմից բազմաֆունկցիոնալ լինելը մեր ազգին ակնառու բնորոշ հատկություն է, որովհետև, ցավոք սրտի, մեր իրականության մեջ միջոցները դեռևս բավարար չեն, որ մարդ կարողանա իրեն թույլ տալ լիարժեք խորանալ միմիայն մեկ նեղ-մասնագիտական ուղղությունով։ Սա բավականին հարաբերական հարց է, ու կախված է նրանից, թե ինչ ենք ուզում վերջնարդյունքում։ Եվ ո՛չ միայն արվեստի ոլորտին է վերաբերում։

Բացի նկարահանումներից և հոգեբանի աշխատանքից այլ ի՞նչ նորություններ ունեք կամ ի՞նչ նպատակներ կան ապագայում:
 -Այս պահին հիմնական նպատակը մեկն է՝ «լսելի» դարձնել իմ գրված երգերը։ Դա այդքան էլ հեշտ չէ, հաշվի առնելով, որ մենակ եմ անում այն, ինչ անում եմ, և չունեմ որևէ կողմնակի աջակցություն, բայց դժվարություններից աշխատում եմ չհուսահատվել ու շարժվել առաջ։

Հեղինակ` Տաթևեր Լազարյան