«Կանգնած եմ հայրենակիցներիս կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրի սահմանին են». Քիմ Քարդաշյան

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողությունների վերաբերյալ գրառում է արել՝ ընդգծելով, որ ընթացող համավարակի պայմաններում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորը, հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա:

Քարդաշյանի գրառմանն անդրադարձել է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը (ANCA)՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով աստղային հայուհու գրառման էկրանակադրը:

«Հայաստանի տարածքում թիրախավորվել են քաղաքացիական կառույցներ, իսկ այժմ Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել Հայաստանում գտնվող ատոմակայանին»,- գրել է Քարդաշյանը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ Կոնգրեսում տեղի է ունենալու քվեարկություն, որով երաշխավորվելու է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրում այնպիսի ռազմական օգնություն, որն այնուհետև օգտագործվելու է Հայաստանի և Արցախի դեմ:

Քարդաշյանը միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել այս զարգացումներին և միջամտել՝ կիրառելով այնպիսի քաղաքական և դիվանագիտական միջոցներ, որոնք կկանխեն հետագա սրումն ու մարդկային կյանքերի կորուստը:

«Ես կանգնած եմ հայրենակիցներիս կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրի սահմանին են»,- նշել է Քարդաշյանը:

Հեռուստաաստղն իր գրառումն ավարտել է հետևորդներին ուղղված կոչով.«Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին Հայաստանին աջակցելու կոչ արեք»: