«Չեռնոբիլ» սերիալը BAFTA-ի յոթ մրցանակ է ստացել

«Չեռնոբիլ» (Chernobyl, 2019) մինի-սերիալը բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) յոթ մրցանակ է ստացել, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը: Նշենք, որ Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (BAFTA) անվանակարգերի քանակով բացարձակ առաջատար էր դարձել հենց «Չեռնոբիլ» սերիալը: Միջուկային աղետի մասին սերիալն առաջադրված էր 14 կատեգորիաներում։ Հավելենք, որ այս սերիալն արդեն հասցրել է ստանալ «Ոսկե գլոբուս»։

Սերիալը, որը փորձում է նորովի և հնարավորինս ճիշտ ներկայացնել Չեռնոբիլի ատոմակայանի՝ 1986 թվականի աղետն ու դրա հետևանքները, կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ մեր օրերի ամենասիրված և ամենաքննարկվող սերիալներից մեկը:
Սերիալի հեղինակը Քրեյգ Մեիզինն է, որը հայտնի է որպես «Scary Movie 3» և «Superhero Movie» ֆիլմերի սցենարիստ: Քրեյգ Մեիզինի մոտ սերիալ նկարահանելու գաղափարը ծնվել է միայն 5 տարի շարունակ Չեռնոբիլի աղետն ուսումնասիրելուց հետո:
Սերիալի մասին ամենահետաքրքիր փաստերից մեկն այն է, որ որ սերիալի սաունդթրեքն ատոմակայանի գործունեության ընթացքում հնչող ձայների ամբողջություն է: Երաժշտություն, որին չի կպել մարդու ձեռքը: Պարզապես ձայնագրվել է այն, ինչը կատարվում է ատոմակայանում: