«Չեմ ցանկանա, որ մեկ ուրիշը զգա այն, ինչ զգում էի ես». Վիկտորյա Բեքհեմը` ծաղրի ենթարկվելու մասին

Վիկտորյա Բեքհեմը Մեծ Բրիտանիայի ամենաոճային, գրավիչ և հաջողակ կանանցից մեկն է: Ո՞վ կմտածեր, որ դասարանցիները դպրոցում նրան ծաղրում էին: 46-ամյա Բեքհեմը այս մասին խոսել է Vogue Australia–ին տված հարցազրույցում:

«Երբ ես դպրոց էի հաճախում, ես շատ տարօրինակ երեխա էի: Ես շատ ընկերներ չունեի և ինձ միշտ ծաղրում էին»,- պատմում է Վիկտորիան: Դիզայների խոսքով` նա չի ցանկանում, որ մյուս երեխաներն էլ այդպիսի հոգեբանական բռնության ենթարկվեն, ուստի նա խնդրում է իր իննամյա դստերը` Հարփերին ուշադրություն դարձնել դասարանի հանգիստ երեխաներին. «Ես չեմ ցանկանա, որ մեկ ուրիշը զգա այն, ինչ զգում էի ես: Ուստի երբ աղջիկս դպրոց գնաց, ես նրան ասացի. «Ես ուզում եմ, որ երեխաներն իմանան, որ նրանք միայնակ չեն, եթե Հարփերն իրենց կողքին է»: