«Ռուսաստանը լիակատար բարոյական իրավունք ունի թքել ձեզ վրա»․ Մարգարիտա Սիմոնյան

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ իշխանություններին։

Սիմոնյանի՝ հրապարակված գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Ես դիմում եմ Հայաստանի իշխանություններին։ Հենց իշխանությանը, այլ ոչ թե ժողովրդին, որի մասն եմ ես։ Ես դիմում եմ միայն այն պատճառով, որ ձեր առցանց զորքերը գրոհել են իմ սոցիալական ցանցը՝ պահանջելով (կոպիտ և ագրեսիվ ձևով) արտահայտել դիրքորոշումս»։

Սիմոնյանի խոսքով՝ նրանց պահանջներին ի պատասխան որոշել է արտահայտել իր դիրքորոշումը։

«Կողքից նայեք ինքներդ ձեզ։ Նայեք, թե ինչ եք անում և ինչպես եք վարվում։ Ի՞նչ հայ եք դուք»,- ՀՀ իշխանություններին դիմելով գրել է Սիմոնյանը։

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագրի խոսքով՝ ի պատասխան Ռուսաստանից տարիներ շարունակ ստացած բարությանն ու հովանավորությանը՝ ՀՀ իշխանություները չեն ճանաչել Ղրիմը, որովհետև դրանք Հայաստանի ներքին գործերն են։

«Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից ելնելով՝ դուք բանտարկել եք Ռուսաստանի անսասան դաշնակից Ռոբերտ Քոչարյանին։ Բանտարկեցիք միտումնավոր, ցուցադրաբար՝ թքելով ուղիղ իր «ռուս ընկերների» դեմքին։ Որովհետև դրանք Հայաստանի ներքին գործերն են։ Դուք երկիրը ողողել եք հակառուսական կազմակերպություններով, որոնք ձեր տարածքում երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես տապալել իշխանությունը Ռուսաստանում: Դուք դարձել եք Կովկասում հակառուսական ուժերի հենակետը։ Որովհետև դրանք Հայաստանի ներքին գործերն են»,- գրել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում  լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը շարունակաբար վատաբանում են Ռուսաստանին, Պուտինին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են Պուտինին՝ հատկապես ռուսահայերին, այդ թվում՝ իրեն։

«Դուք բաժանեցիք դժբախտ, արդեն անհետացող հայ ժողովրդին թշնամիների՝ ռուսահայերի և «ներկաների» միջև։ Որովհետև դրանք Հայաստանի ներքին գործերն են։ Իսկ հիմա, երբ ձեր սահմանին պատերազմ է, երբ ձեր վարչակարգի գոյությունը վտանգված է, երբ աշխարհասփյուռ հայերն արդեն տեսնում են մեր նախնիներին կոտորած ծուռ դանակներով ենիչերի ուրվականներին, դուք հիշում եք, որ Ռուսաստանը կրկին պետք է ձեզ փրկի։ Արդյոք դա Հայաստանի ներքին գործերը չի՞»,- գրել է Սիմոյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված բոլոր չարիքներից ու արհամարհանքից հետո ՀՀ իշխանությունները չպետք է իրենց իրավունք վերապահեն օգնություն սպասել։

«Ի դեպ, այն ամենից հետո, ինչ դուք արել եք, Ռուսաստանը լիակատար բարոյական իրավունք ունի թքել ձեզ վրա»,- գրել է Սիմոնյանը։

Սիմոնյանի պնդմամբ՝ «թեև բարոյական իրավունքին, Ռուսաստանն այդպես չի վարվի, որովհետև ողորմած ու ազնիվ է»։

«Իսկ դուք ընդամենը մի բուռ ճղճղացող քաղաքական գործիչներ եք, ովքեր դավաճանել են մեծ հայ ժողովրդի շահերը ՝  մանր անձնական վրեժխնդրության համար»,- իր գրառումը եզրափակել է Սիմոյանը՝ կոչ անելով Նարեկացի ընթերցել՝ խղճի խայթն արթնացնելու համար։