«Պլանավորում ենք մաքսիմալ հետաքրքիր, հիշվող շոու կազմակերպել»․ «AlternatiV» բենդի սպասվող նորություններն ու զվարճալի բացահայտումը

Ինչ խոսք՝ կարանտինն ու համավարակը շատերի կյանքն ու ապրելակերպը փոխեցին՝ ստիպելով հարմարվել նորին ու դրա հետ զուգահեռ գործունեություն ծավալել։ «X Factor 4» նախագծից հայտնի «AlternatiV» բենդի տղաները ևս բացառություն չեն, ովքեր սկզբում չհամակերպվելով ստեղծված իրավիճակին, կարողացան լուծման տարբերակներ գտնել և իրենց ակտիվ ստեղծագործական կյանքը շարունակել նաև այս պայմաններում։

ShowBiz.am-ը զրուցել է խմբի վոկալիստ Սարգիս Բուռնազյանի և կիթառահար Կարապետ Բուռնազյանի հետ, ովքեր խոսել են իրենց ներկայիս գործունեության մասին և ներկայացրել բենդի ուշագրավ նորությունները, ինչպես նաև հատուկ մեզ համար առանձնացրել հետաքրքիր փաստ, որի մասին չգիտեն խմբի երկրպագուները, բայց հաստատ դեմ չեն լինի իմանալ։

«Մինչ կարանտինը երգ ունեինք ձայնագրած և աշխատում էինք հենց դրա տեսահոլովակի ստեղծման վրա, այսպես ասած, նախապատրաստական փուլում էինք գտնվում։ Բայց համավարակով պայմանավորված` դրա աշխատանքները կիսատ մնացին, սակայն հիմա կրկին վերադարձել ենք այդ գործին ու աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ»,- պատմում է Կարապետը։

Երբ կարանտինը նոր էր սկսվել, շատերի նման տղաները ևս բարկացած և հիասթափված էին․ «Ահագին հետաքրքիր պլաններ ունեինք, որոնց իրականացման վրա էինք աշխատում այդ ժամանակ։ Սակայն հետո արագ հունի մեջ ընկանք, և մի օր մեր վոկալիստը՝ եղբայրս, ասաց, որ այդ թեմայով երգ է գրել։ Սկզբում մտածում էինք, որ երգը կներկայացնենք միայն ակուստիկ տարբերակով, բայց հետո այն մի քանի անգամ լսելուց հետո հասկացանք, որ կարելի է ավելի կրեատիվ բան մտածել։ Իրականում բարդ էր նման պայմաններում տեսահոլովակ նկարահանելը, բացի այդ էլ, այդ շրջանում ես վատառողջ էի ու հենց մոնտաժի գործընթացի ժամանակ ջերմություն ունեի։ Այնպես որ, էքստրեմալ և չափազանց հետաքրքիր պայմաններում ենք տեսահոլովակ նկարահանել՝ իհարկե, պարետի ընդունած որոշումները մաքսիմալ կերպով պահպանելով»։

«AlternatiV»-ն այժմ աշխատում է արդեն իսկ ձայնագրված երգի տեսահոլովակի վրա, բացի այդ մեկ երգ էլ գտնվում է ստեղծման փուլում, որը ևս այս ուրբաթ արդեն պետք է ձայնագրվի։

«Այս ընթացքում աշխատում ենք ժամանակը խելամիտ օգտագործել․ ունենք մի քանի երգեր, որոնք արդեն մոտակա ժամանակներս պետք է ձայնագրենք»,- պատմում է Սարգիսը։

Կարանտինի ընթացքում շատերի պես տղաները ևս շատ դժվարություններ ունեցան․ «Բայց ոնց ասում են՝ մետաղադրամն ունի երկու կողմ, այսինքն՝ դրականը ևս եղավ։ Կարանտինը բավականին առավելություններ ուներ, այն մեզ ահագին ժամանակ տվեց, որպեսզի կարողանանք աշխատել նորի վրա, ստեղծենք նոր երգեր և նոր ասելիք ունենաք։ Ճիշտ է՝ բարդությունները շատ-շատ էին, թեկուզ միայն ստուդիայում ձայնագրվելու հետ կապված, քանի որ դրանք չէին աշխատում, բայց բախտի բերմամբ, այն մարդը, ում մոտ մենք ձայնագրվում ենք, շատ տաղանդավոր է և կարողանում է իր տան պայմաններում էլ այդ ամենը կազմակերպել։ Դրա համար էլ մեր երգերի ձայնագրման գործընթացը չի կանգնում և դա իրոք շատ մեծ պլյուս է մեզ համար»,- պատմում է խմբի կիթառահարն, ապա հավելում․ «Դեռ չգիենք, թե կարանտինն ինչքան ժամանակ կշարունակվի ու ինչեր կփոխվեն, բայց այսքան ժամանակ մեզ մոտ դրականը հաստատապես գերազանցել է բացասականին»։

Խմբի երգերը տարբեր թեմատիկաներ ունեն, իսկ տեքստերի հիմնական մասը գրում է վոկալիստը։ «Մեր երգերում գերակշռում է անգլերենը ու հաճախ շատերը հետաքրքրվում են, թե ինչու ենք անգլերենով ստեղծագործում, եթե ապրում ենք Հայաստանում։ Բայց կարծում ենք, որ այս հարցը մի փոքր անիմաստ է, քանի որ անգլերենը միջազգային լեզու է և ավելի քան հասանելի է աշխարհին՝ ի տարբերություն հայերենի։ Ինձ իրականում շատ ավելի հեշտ է անգլերենով ստեղծագործելը, բացի այդ էլ, կարծում եմ, այդպիսով մենք ավելի լսելի կլինենք ու ավելի մեծ տարածում կգտնենք։ Շատ տարբեր թեմաներով երգեր ունենք ու ինձ թվում է՝ մեզ համար ավելի դժվար է գոհացնել մեր թմբկահարին, քան հանդիսատեսին: )) Նա մեր ամենամեծ քննադատն է ։D»,- կիսվում է Սարգիս Բուռնազյանը։

Մյուս բոլոր խմբերի նման տղաները ևս կարանտինի ավարտին նախատեսում են մենահամերգ ունենալ։ «Դեռ չգիտենք՝ երբ կամ որտեղ, որովհետև չենք կարող ասել, թե այս ամենը երբ կավարտվի։ Բայց պլանավորում ենք մաքսիմալ հետաքրքիր, հիշվող շոու կազմակերպել, որ բոլորը ասեն՝ ի զուր չէր մեր սպասելը»,- հույս է հայտնում Կարապետը։

Զրույցի վերջում էլ տղաները կիսվեցին իրենց լսրանին անծանոթ, բայց բավականին հետաքրքիր և զվարճալի փաստով։ «Իմ եղբոր՝ Կարոյի, ամենահիանալի, հանճարեղ մտքերը ծնվում են լոգանք ընդունելուց։ Դրա համար էլ հենց ինքը գնում է լողանալու, ես համակարգչի դիմաց նստած անհամբեր սպասում եմ, թե այս անգամ դուրս գալուց ինչ փայլուն բան է առաջարկելու»,- կատակում է խմբի վոկալիստը՝ Սարգիսը։

Հեղինակ՝ Լուս Ավագյան