Քիմ Քարդաշյանն առաջին անգամ հրապարակավ խոսել է Քանյե Ուեսթի երկբևեռ աֆեկտիվ խանգարման մասին

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խոսել է իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի երկբևեռ աֆեկտիվ խանգարման մասին՝ նրան անվանելով «փայլուն, բայց բարդ մարդ», գրում է People ամսագիրը։

39-ամյա Քարդաշյանը Ինստագրամի «սթորի» հատվածում ընդարձակ գրություն է հրապարակել՝ խնդրելով «երկրպագուներին կարեկցանքով վերաբերվել»։

«Ինչպես ձեզնից շատերը գիտեն, Քանյեն երկբևեռ աֆեկտիվ խանգարում ունի։ Ցանկացած ոք, որն ունի այս ախտորոշումը կամ այս ախտորոշումն ունեն նրանց սիրելիները, գիտի, թե որքան դժվար և ցավոտ է այն հասկանալ: Ես երբեք հրապարակավ չեմ խոսել այն մասին, թե ինչպես է այդ խանգարումն ազդել մեր ընտանիքի վրա, քանի որ մշտապես փորձել եմ պաշտպանել մեր երեխաներին և Քանյեի անձնական կյանքի իրավունքը, երբ խոսքը վերաբերում է նրա առողջությանը: Բայց այսօր ես զգում եմ, որ պետք է բարձրաձայնեմ այդ մասին՝ հոգեկան առողջության շուրջ ստեղծված սխալ պատկերացումների պատճառով»,- իր ընդարձակ գրառումը սկսել է Քարդաշյանը։

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք երբևէ չեն բախվել հոգեկան առողջության խնդրին, կարող են դատապարտել և չհասկանալ դիմացինին։

«Քանյեն փայլուն, բայց բարդ մարդ է, որը արտիստ և սևամորթ լինելուց բացի տարել է մոր ցավոտ կորուստը, ստիպված է եղել դիմակայել ճնշմանը և մեկուսացմանը, որոնք ավելի բացասական են արդրադառնում երկբևեռ աֆեկտի խանգարման վրա: Նրանք, ովքեր մոտ են Քանյեին, գիտեն նրա սիրտը և հասկանում են, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում նրա մտադրությունների հետ»,- նշել է Քիմը։

Իրապատում շոուի աստղի խոսքով՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարումը չի արժեզրկում նրա երազանքները և ստեղծագործական գաղափարները։

«Դա նրա հանճարի մի մասն է և, ինչպես մենք բոլորս տեսել ենք, նրա երազանքներից շատերն իրականություն են դարձել»,- նշել է Քիմը։

Նա նաև հասարակությանը կոչ է արել հոգեկան առողջության թեմայի մասին խոսել նրբանկատորեն, իսկ ԶԼՄ-ներին և մարդկանց խնդրել է կարեկցանքով վերաբերվել։

Ավելի վաղ ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որը որպես անկախ թեկնածու մտադիր է մասնակցել այս աշնանը կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին, հայտարարել էր, որ օրերս Հարավային Կարոլինա նահանգում աջակիցների հետ անցկացրած նախընտրական հանրահավաքից հետո իր և կնոջ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հարաբերություններում խնդիրներ են առաջացել։

Ռեփերի պնդմամբ՝ իր հայտարարությունից հետո կինը փորձել էր բժշկի օգնությանը դիմել ու ամուսնուն փակի տակ պահել:

Նա նաև նշել էր, որ այժմ գտնվում է իրենց Վայոմինգի ռանչոյում և պահանջել էր, որ Քարդաշյանն ու զոքանչը՝ Քրիս Ջեները, իրեն զանգահարեն ու չանտեսեն իր զանգերը։