«Արմմոնո» 18-րդ փառատոնը կմեկնարկի «Գոմեշը» ներկայացման բեմադրմամբ

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը, որն անցկացվելու է օգոստոսի 1-10-ը, կմեկնարկի Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն բեմադրությամբ, որի բեմադրիչը և դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն է:

Բացօթյա ներկայացումը ցուցադրվելու է օգոստոսի 1-ին՝ Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում:

Ձևավորումն իրականացրել է Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանը, ձայնային և երաժշտական ձևավորումը` Հայկ Իսրայելյանի, նկարիչ-դիմահարդարը Թամարա Բարոյանն է:
«Հրանտը լուսնալույսի մեջ մեռած Շան մտածումն է վրձնել, Ձիու է վրձնել, Գայլի է վրձնել և Տախի (ամորձատված խոզի), և Հրանտը մարդկանց է վրձնել` անհատականությունների, միավորների` արձակով, գրով, որ և որպիսին իրենից առաջ չկար: Նա ոչ թե գրել է նրանց կամ նրանց մասին, այլ ՀԵՆՑ վրձնել է նրանց»,- ասել է ռուս մեծանուն գրող Անդրեյ Բիտովը: