Քանյե Ուեսթը կնոջը սպառնացել է բացահայտել Քարդաշյանների ընտանեկան գաղտնիքները

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որը վերջին շրջանում տարօրինակ վարք է դրսևորում, սպառնացել է «բացահայտել Քարդաշյանների ընտանեկան գաղտնիքները, եթե կինը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, փորձի միջամտել ու իրեն փակի տակ պահել»:

Ինչպես նշում է Daily Mail-ը, քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ երկբևեռ խանգարմամբ տառապող Ուեսթը կնոջն ասել է, որ «եթե Քարդաշյան ընտանիքը փորձի միջամտել, ապա նա այդ ամենը կհեռարձակի Twitter-ով ու աշխարհին ցույց կտա ճշմարտությունը»:

«Նա իրեն խելագարի պես է պահում ու, ինչպես երևում է, համոզված է, որ Քիմն ու Քրիս Ջենները ցանկանում են իրեն փակի տակ պահել: Նա Քիմին նախազգուշացրել է, որ գիտի ընտանեկան գաղտնիքներն ու դրանք կբացահայտի: Կան շատ բաներ, որ Քարդաշյաններն իրենց իրապատում շոուի ժամանակ չեն ցուցադրում՝ վեճեր, գաղտնի սիրային կապեր, վիրահատություն, ֆինանսական գործարքներ և այլ ներընտանեկան հարցեր: Սակայն այս փուլում Քիմի միակ մտահոգությունը Քանյեին օգնելն ու իրենց երեխաներին պաշտպանելն է: Նա շատ անհանգստացած է»,- ասել է քաջատեղյակ աղբյուրը:

Ավելի վաղ Քարդաշյանը խոստովանել էր, որ ամուսինը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրել էր, որ ամուսնու մոտ երկբևեռ խանգարում է, որը հոգեբուժության մեջ հայտնի է նաև որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։

«Ինչպես գիտեն ձեզնից շատերը, Քանյեն տառապում է երկբևեռ խանգարմամբ։ Դրա հետ մեկտեղ՝ նա փայլուն, բայց բարդ անձնավորություն է։ Ովքեր մոտ են Քանյեի հետ, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում գործողությունների հետ»,- գրել է Քարդաշյանը։

Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին: Քանյեի հոգեկան խանգարման մասին խոսակցություններն ակտիվացան Քարդաշյանից բաժանվելու մասին նրա գրառումից հետո, որն անմիջապես հեռացվել էր սոցիալական ցանցի նրա էջից, սակայն չէր վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից։

Ի դեպ, Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։