Ինչպիսի՞ն է այսօր «Կարգին սերիալ»-ի ամենաերիտասարդ մասնակիցն ու ինչո՞վ է նա զբաղվում

Արեգ Գալոյանին շատերը ճանաչեցին ու սիրեցին «Կարգին սերիալ» սիթքոմի թողարկումից հետո։ Բարի, հումորով ու հմայիչ տղան, ով սերիալում նկարահանվելու ընթացքում ընդամենը 9 տարեկան էր, 10 տարի անց Showbiz.am կայքի հետ զրույցում կիսվում է իր կյանքի մանրամասներով, նորություններով ու ապագա ծրագրերով։
«Այս տարի կոնսերվատորիա եմ ընդունվել անվճար, հույս ունեմ այսպես կշարունակվի»,- պատմում է Արեգն ու հավելում, որ լիովին փոխել է իր գործունեության բնույթը։
Դեռ մանկուց սերիալներում, հաղորդումներում ու գովազդներում նկարահանվող երիտասարդն այսօր իրեն նվիրել է բացառապես երաժշտությանը։

«Ես հիմա ընդհանրապես չեմ նկարահանվում սերիալներում, ֆիլմերում, հիմա ես սովորում եմ համալսարանում, դասական կոմպոզիտոր եմ։ Բայց ես նաև ֆիլմերում եմ ներգրավված, որովհետև գրում եմ նաև ֆիլմերի սաունդթրեքեր»,– նշում է Արեգը։

Արեգը պատմում է, թե ինչպես որոշեց գնալ հենց այդ ուղղությամբ․ «Իրականում, շատ երկար ժամանակ մտածում էի այդ ամենի շուրջ։ Դեռ մանկուց նակարահանվել եմ տարբեր նախագծերում, բայց որոշ ժամանակ անց ես հասկացա, որ ուրիշ բան եմ ուզում ու երկար մտածելուց հետո հասկացա, որ այդ ուրիշ բանը երաժշտությունն է։ Հասկացա, որ դա շատ եմ սիրում ու ինձ շատ է հետաքրքրում այդ մասնագիտությունը։ Այնպիսի մասնագիտություն է, որտեղ երբեք չես դադարում սովորել, անընդհատ նոր բաներ ես բացահայտում ու քո ձեռագիրն ես թողնում պատմության մեջ»։

Չնայած երիտասարդ տարիքին՝ Արեգն արդեն հաջողություններ է գրանցում երաժշտության ոլորտում։
«Ունեմ արդեն որոշակի փորձ, արտասահմանյան ֆիլմերում եմ աշխատում, շուտով երբ կարանտինն ավարտվի, հանդիսատեսի դատին կհանձնվի այն առաջին հայկական ֆիլմը, որի համար ես սաունդթրեք եմ գրել։ Հիմնականում աշխատում եմ արտասահմանյան ֆիլմերի համար»,- կիսվում է արտիստը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է նա ավելի շատ համագործակցում ոչ թե հայկական, այլ արտասահմանյան ֆիլմերի հետ, Արեգն ասում է․ «Որովհետև Հայաստանում այդքան շատ առաջարկներ չեն լինում։ Դա երևի պայմանավորված է  նրանով, որ արտասահմանում երաժշտությանը շատ լուրջ են վերաբերվում ու հասկանում են, որ ֆիլմի մեջ երաժշտությունը շատ կարևոր դեր ունի։
Իրականում, դա կապ ունի այն բանի հետ, որ այստեղ երաժշտությանն այդքան էլ լուրջ չեն նայում, սակայն ես քանի որ հայ եմ , իհարկե, ավելի ուրախ կլինեմ համագործակցել հայ ռեժիսորների հետ, ու գումարն այստեղ ընդհանրապես կապ չունի»։

Արեգը նաև խոստովանում է, որ եթե հիմա առաջարկեն սերիալում նկարահանվել, չի համաձայնվի զուտ ժամանակի սղության պատճառով։
«Բայց եթե մեկ էպիզոդի առաջարկ լինի, որետղ «Կարգին սերիալ»-ի բոլոր դերասաններով կմիանանք, կհամաձայնվեմ»,- հավելում է նա։

Արեգը կիսվում է, որ «Կարգին սերիալ»-ի անձնակազմի հետ շփումը շատ չի պահպանվել։ «Երբ ես այնտեղ աշխատում էի, փոքր էի ու հետաքրքրությունները չէին համընկնում, սակայն մանկության հայտնի ընկերների հետ դեռ կապը պահպանում եմ»,– կիսվում է նա։

Իսկ թե կա միտք մի օր հայտնի ընկերների հետ հանդես գալու նոր երաժշտական նախագծով, Արեգն ասում է․ «Այս պահին չկա, բայց հետաքրքիր միտք եք տալիս։ Գուցե երաժշտություն կգրեմ, որտեղ կերգեն իմ բոլոր ընկերները»։
Եթե ցանկանում եք լսել Արեգ Գալոյանի ստեղծագործությունները կարող եք անցնել այս հղմամբ։ 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան