«Դուստրերիս լույս աշխարհ գալուց հետո ես դադարել եմ փչել ծննդյանս տորթի մոմերը». Արման Գևորգյանը նշում է իր 40-ամյակը

Հումորիստ, շոումեն, դերասան Արման Գևորգյանն այսօր 40 տարեկան է դառնում: Showbiz.am կայքի հետ զրույցում արտիստը պատմում է այդ կարևոր օրվա մասին՝ անդրադառնալով իր երազանքին, ամենայուրահատուկ նվերներին ու ապագա ծրագրերին։

Պատմելով իր համար ամենայուրահատուկ ծննդյան տոնի մասին՝ Արմանն առանձնացնում է իր 30-ամյակը։
«Ես ինձ վերջին անգամ հիշում եմ 30 տարեկանում: Այս անգամ չգիտեմ, թե ինչպես ստացվեց, բայց արդեն լրանում է 40 ամյակս ու միևնույն է՝ շարունակում եմ ինձ զգալ, ինչպես 30 տարեկանում: Ճիշտ է՝ կա մի փոքր լարվածություն, այնուամենայնիվ, ուզում է գլուխ բարձրացնել 40-ը, ինչպես որ լինում է, կարծում եմ, բոլորի մոտ տարիքային յուրաքանչյուր տասնամյակ թևակոխելիս, բայց ես սովորության համաձայն կրկին ուժեղ եմ գտնվում ու անտեսում եմ նաև այս լարվածությանը»,-ասում է նա։

Նա նաև պատում է, որ արդեն երկար տարիներ է, ինչ տորթը փչելու նախապատվությունը զիջում է իր հրաշք դուստրերին․ «Դուստրերիս լույս աշխարհ գալուց հետո ես դադարել եմ փչել ծննդյանս տորթի մոմերը: Արդեն 11 տարի է երազանքներիս իրականացման համար վառվող մոմերը փչում են այն հրաշքները, որոնց հետ են հենց կապված բոլոր երազանքներս»:

Խոսելով նվերների մասին՝ Արմանը նշում է, որ ամենայուրահատուկ նվերները ստացել է ծնողներից։
«Նվերներին առանձնապես ուշադրություն չեմ դարձնում: Ոչ թե արհամարհական կամ անշնորհակալ մոտեցում ունեմ, այլ պարզապես չեմ սպասում, իսկ անսպասելին միշտ ամենասպասվածն ու հաճելին է լինում: Յուրահատուկ ու հիշարժան նվերներ շատ եմ ունեցել կյանքիս ընթացքում ծնողներիս կողմից, բայց ոչ թե հենց ծննդյանս օրվա կապակցությամբ, այլ առհասարակ, տարբեր առիթներով»,- հիշում է Արմանը։

Արտիստը խոստովանում է, որ այս 40 տարիների ընթացքում չկա բնավորության հատուկ գիծ, որն իր մոտ փոխվել է։
«Բնավորության գիծը, կարծում եմ, չի փոխվում մարդկանց մոտ: Կամ համարյա չի փոխվում: Կան գծեր, որոնք տարիքի հետ ավելի կարծրանում են ու կան, որոնք ինչ-որ չափով կարող են մեղմանալ: Դա էլ, կարծում եմ, մարդու ապրած կյանքի ու անցնող ճանապարհի հետ կարող է փոփոխությունների ենթարկվել»,- նկատում է արտիստը։

Արմանի գլխավոր երազանքներից է, տեսնել իրեն 5-10 տարի հետո կրկին առողջ։

Իր խոսքը  Արման Գևորգյանը եզրափակում է՝ պատմելով ապագա ծրագրերի մասին․ «Ծրագրեր, ինչպես միշտ, շատ եմ ունենում ես, նույնիսկ ոմանք կյանքի էի կոչել, բայց արտակարգ դրության արդյունքում նրանցից մի քանիսը մնացին դադարի ռեժիմում: Լիարժեք կյանքին անցնելուն պես կշարունակեմ: Իսկ այլ ծրագրերի ու նորությունների մասին, որոնք արդեն դատապարտված են իրագործման, կխոսենք որոշ ժամանակ անց»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան