Ոչ ավանդական սեռական կողմնորոշում և ֆեմինիզմ. Էդուարդ Հովհաննիսյանի «Чики» սերիալը` սկանդալի կիզակետում

Այս ամսվա սկզբին մենք անդրադարձել էինք ռեժիսոր Էդուարդ Հովհաննիսյանի «Чики» սերիալին, որի գլխավոր դերերը կատարում են ռուս հայտնի դերասանուհիներ Իրինա Գորբաչովան, Իրինա Նոսովան, Ալյոնա Միխայլովան և Վարվարա Շմիկովան: Յուրաքանչյուր սերիայում կարելի է տեսնել հոգեբանական և ֆիզիկական բռնության դեպքեր, որոնցից հետո վազող տողով նշվում է, թե որ հեռախոսահամարով պետք է զանգահարեն բռնության զոհ դարձած կանայք։

«Մենք գտանք, որ կարևոր է տանն ու հանրության շրջանում բռնության խնդրին ուշադրություն հրավիրելը։ Մենք ուզում ենք ասել, որ նույնիսկ այս ծանր իրավիճակներում օգնություն կա, և անհրաժեշտ է ասել դրա մասին»,- մեկնաբանել է Դենիս Գորշկովը՝ More.tv ծառայության գլխավոր տնօրենը։ Սերիալը նախատեսված է բացառապես օնլայն հարթակի համար, այն հեռարձակվում է More.tv առցանց ալիքով։

Պարզվում է, որ ոչ բոլորն են միանշանակ ընդունել սերիալի մեսիջը: Ընտանիքի պաշտպանության հասարակական գործիչ Օլգա Բարանեցը հայտարարություն է ուղարկել ՆԳՆ՝ խնդրելով more.tv-ի ներկայացուցիչներին վարչական պատասխանատվության ենթարկել: Նա պնդում է, որ «Чики» սերիալը քարոզում է ոչ ավանդական սեռական կողմնորոշմում և ֆեմինիզմ:

Ըստ Օլգա Բարանեցի, անհրաժեշտ է more.tv-ին պատասխանատվության ենթարկել ՌԴ օրենսգրքի 6.17-րդ (երեխաներին իրենց առողջության և (կամ) զարգացման համար վնասակար տեղեկատվությունից պաշտպանելու մասին) և 6.21 (անչափահասների միջև ոչ ավանդական սեռական հարաբերությունների խթանում) վարչական հոդվածներով: