Պապարացիները ֆիքսել են՝ ինչպես է Քիմն արտասվում ընտանեկան ճգնաժամի ֆոնին ամուսնու հետ առաջին հանդիպման ժամանակ

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, ընտանեկան ճգնաժամի ֆոնին առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են՝ քննարկելու կուտակված բոլոր հարցերն ու խնդիրները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Քարդաշյանը մեկնել է Վայոմինգ, որտեղ Ուեսթը վերջին շաբաթներին միայնակ է ապրում զույգի 14 մլն դոլար արժողությամբ ռանչոյում: Ռեփերն այնտեղից հակասական թվիթերյան գրառումներ է անում կնոջ ու ընտանիքի մասին:

Պապարացիները ֆիքսել են այն պահը, երբ Քարդաշյանը, ամունսու հետ նույն մեքենայում գտնվելով, արտասվում է:

Ավելի վաղ Ուեսթը պատմել էր, որ ինքն ու կինը տարիներ առաջ մտադիր էին հեռացնել իրենց առաջնեկին, սակայն Աստծո կողմից նշան ստանալով՝ մտափոխվել են: Բացի այդ, Ուեսթը Քիմին մեղադրել էր Meek Mill ռեփերի հետ իրեն դավաճանելու համար, ինչպես նաև հայտարարել, որ եթե կինը փորձի իրեն փակի տակ պահել, կբացահայտի Քարդաշյանների ընտանեկան գաղտնիքները: Այս սկանդալային գրառումներից հետո Ուեսթը հրապարակավ ներողություն էր խնդրել կնոջից՝ խոստովանելով, որ նրան մեծ ցավ է պատճառել իր վարքով:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ Քարդաշյանը խիստ վիրավորված է ամուսնու պահվածքից: Այս ընթացքում նա փորձել է մի քանի անգամ կապ հաստատել Ուեսթի հետ, սակայն վերջինս  անտեսել է կնոջը:

Ավելի վաղ Քարդաշյանը խոստովանել էր, որ ամուսինը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրել էր, որ ամուսնու մոտ երկբևեռ խանգարում է, որը հոգեբուժության մեջ հայտնի է նաև որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։