Քանյե Ուեսթը դիմել է պաշտոնապես որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը դիմել է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համար, հայտնում է forbes.com-ը՝ մանրամասնելով, որ միլիարդատերը փաստաթղթերը ներկայացրել է Նյու Ջերսի նահանգում:

Հայտնի է, որ Ուեսթը հավաքել է 1327 ստորագրություն, ինչը նրան թույլ է տալիս որպես անկախ թեկնածու հայտնվել քվեաթերթիկին:

Բացի այդ, Ուեսթը նաև դիմել է Օկլահոմա, Իլինոյս, Հարավային Կարոլինա և Միսուրի նահանգներում քվեաթերթիկներին հայտնվելու համար: Միևնույն ժամանակ ռեփերը մի շարք այլ նահանգներում բաց է թողել որպես թեկնածու գրանցվելու համար սահմանված վերջնաժամկետը:

Ըստ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ավելի քան 1400 ԱՄՆ քաղաքացի դիմել է որպես թեկնածու գրանցվելու համար: Նշվում է, որ նախագահական թեկնածության գրանցման համար անհրաժեշտ թղթաբանությունն այնքան պարզ է, որ որևէ իրավական կամ քաղաքական փորձ չի պահանջում:

Հիշեցնենք, որ Ուեսթն ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնել էր հուլիսի սկզբին՝ պարզաբանելով, որ այլևս չի աջակցում գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին:

Forbes-ի անցկացրած վերլուծության արդյունքները վկայում են, որ մասնակցության դեպքում Ուեսթը, ամենայն հավանականությամբ, կտանի Թրամփի ձայների մի մասը: