«Ընկերներս և սիրելիս կեսգիշերին ինձ անակնկալ մատուցեցին». Նորա Գրիգորյանը` իր ծննդյան օրվա, երեխաների նվերի ու երազանքի մասին

Թատրոնի ռեժիսոր, դերասանուհի Նորա Գրիգորյանն այսօր նշում է իր ծննդյան 27-րդ տարեդարձը: Showbiz.am-ի հետ զրույցի ընթացքում Նորան պատմել է օրվա ուրախ մեկնարկի, սիրելիի ու ընկերների կազմակերպած անակնկալի, երեխաների մատուցած նվերի ու իր երազանքի մասին, ինչպես նաև մեզ նոր լուսանկարներ տրամադրել:

Նորան ծննդյան օրը սկսել է նշել դեռ կեսգիշերից: Նրա մտերիմներն ու սիրելին ուղիղ ժամը 00:00-ին տոնական տորթով ու նվերներով եկել են նրա օրը շնորհավորելու, բայց այդքանով ամեն ինչ չի ավարտվել. «Այսօր տանը հյուրեր եմ ընդունելու: Քանի որ մեր տղամարդիկ` եղբայրս ու սիրելիս, ցավոք, աշխատանքի են, որոշեցինք այսօրվա փոխարեն շաբաթվա վերջ քաղաքից դուրս գնալ ու շաբաթ և կիրակի օրերն անցկացնել բնության գրկում»,- ասում է Նորան:

«Այսօր շատերն են ցանկացել գալ ինձ շնորհավորելու: Համոզված եմ, որ օրվա ընթացքում այդպիսի մարդիկ դեռ շատ կլինեն, ես էլ սիրով կսպասեմ ընկերներիս»,- նշում է նա:

Համավարակի պատճառով շատերը ստիպված են եղել ծննդյան օրը կամ այլ կարևոր խնջույքներ նշել ոչ մարդաշատ պայմաններում, բայց որ Նորան. «Բացարձակ ցանկություն չեմ ունեցել տարեդարձս մեծ շուքով նշելու: Իմ օրը ցանկացել եմ ինձ համար կարևոր, սիրելի մարդկանց հետ անցկացնել»:

Նորա Գրիգորյանը բացի տաղանդավոր բեմադրիչ ու դերասանուհի լինելուց, նաև երեք հրաշք բալիկների մայրիկ է: Հպարտ ու երջանիկ մայրիկը պատմում է, որ փոքրիկները ևս առավոտյան նրան անակնկալ են մատուցել. «Դայակի հետ միասին երեխաներս ինձ արթնացրին ու մի փունջ սպիտակ վարդեր նվիրեցին»:

Նվերներ ստանալ բոլորն են սիրում, բայց ոչ մի նյութական նվեր չի կարող համեմատվել սիրո, ջերմության և ուշադրության հետ. «Ընկերներս և սիրելիս գիշերը ժամը 12-ին ինձ անակնկալ մատուցեցին: Այդ պահերից թանկ բան չկա: Ես իսկապես երջանիկ մայր եմ, կին և ընկեր»:

Ռեժիսորն իր ծննդյան տորթի մոմերը փչելիս կարևոր երազանք է պահել. «Ուզում եմ` այն ինչ իսկապես սիրտս ցանկանում է իմ սիրելի մարդկանց ու ինձ համար` կատարվի: Ուզում եմ կարողանալ հաղթահարել ցանկացած դժվարություն: Ինձ համար շատ կարևոր է լինել սիրելիներիս կողքին, իրենցով շրջապատված. նրանց հետ միասին ամեն բան հաղթահարելի է»:

Հեղինակ` Դիանա Զաքարյան