Forbes-ը կազմել է ռուսական շոու բիզնեսի ամենաշատ եկամուտներն ունեցող աստղերի ցուցակը (լուսանկարներ)

Հայտնի Forbes հանդեսի ռուսական ծառայությունը ներկայացրել է ռուսական շոու բիզնեսի ամենաշատ եկամուտներն ունեցող աստղերի վարկանշային ցուցակը:

Պարբերականի ցուցակի առաջին հորիզոնականում է RTVI հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր, երգիչ Սերգեյ Շնուրովը` «Լենինգրադ» խմբի հետ միասին: Նրա եկամուտները գնահատվել են 8,8 միլիոն դոլար:

Նրան հաջորդում են երգիչներ Եգոր Կրիդն ու Դիմա Բիլանը: Ըստ Forbes-ի՝ նրանց եկամուտները կազմում են, համապատասխանաբար, 6,9 և 6,8 միլիոն դոլար:

Չորրորդ հորիզոնականում ռեփեր Բաստան է (Վասիլիյ Վակուլենկո)` 6,6 միլիոն դոլար եկամտով: 5-րդ տեղում Ֆիլիպ Կիրկորովն է` կրկին 6,6 միլիոն դոլար եկամտով, 6-րդում` Պոլինա Գագարինան, որը վաստակել է 6,4 միլիոն դոլար:

7-րդ տեղում «Би-2» խումբն է` 6 միլիոն դոլար եկամտով, նրան հաջորդում են Գրիգորի Լեպսը` (5,3 միլիոն դոլար), Տիմատին (5,1 միլիոն դոլար) և հաղորդավար Իվան Ուրգանտը` (5,1 միլիոն դոլար):

Ցուցակում ընդգրկվել են նաև երաժիշտ Սերգեյ Ժուկովը («Руки вверх!» խումբ), երգիչներ Նիկոլայ Բասկովն ու Սերգեյ Լազարևը, հումորիստ և երգիչ Ալեքսանդր Ռեվվան, դերասան և շոումեն Դմիտրի Նագիևը, երգիչ Ստաս Միխայլովը, հաղորդավար Մաքսիմ Գալկինը, երգիչ Վալերի Մելաձեն և երգչուհի Zivert-ը (Յուլյա Զիվերտ):

Forbes-ը նշել է, որ կազմված ցուցակի բոլոր անձանց եկամուտներն ավելի բարձր կլինեին միջինը 12,5 տոկոսով, եթե չլիներ զանգվածային միջոցառումներ անցկացնելու արգելքը: Այն սահմանվել է կորոնավիրուսային համավարակի պատճառով:

Աստղերի եկամուտները հաշվվել են նախորդ տարվա մայիսի 1-ից այս տարվա ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում: