Ֆոտոդերմատիտ. ի՞նչ անել արևից ալերգիա ունենալու դեպքում

Ամռանը մաշկը հատկապես զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Որոշ դեպքերում, արևի ազդեցությունը կարող է նույնիսկ ալերգիա առաջացնել: Առհասարակ, խորհուրդ չի տրվում արևի տակ գտնվել դրա ազդեցության ամենաակտիվ ժամերին` 10:00-ից 16:00-ն, բայց եթե արդեն զգում եք, որ արևն իր բացասական ազդեցությունն արդեն գործել է ձեր մաշկի վրա, ապա փորձեք հնարավորինս արագ վերականգնվել: Ահա մի քանի միջոց` ձեր մաշկը վերականգնելու ու պաշտպանելու համար:

Եթե մաշկն արդեն վառվել է արևից, ապա լոգանք ընդունեք մաքուր ջրով` առանց լոգանքի փրփուրների ու օճառների օգտագործման: Մաշկն օծեք հալվեի (ալոե) էքստրակտով հանգստացնող թեթև քսուքներով` կարմրությունը և քորը նվազեցնելու համար: Եթե դեռ չեք հասցրել վառվել արևից, ապա ապահովագրեք ձեր մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից. նույնիսկ եթե արևը շատ մեղմ է, չի կարելի տնից դուրս գալ առանց SPF 50+ արևապաշտպան քսուքի օգտագործման: Մի մոռացեք նաև պաշտպանել ձեր աչքերը, շրթունքները և ականջները անգամ դեղատներում կան SPF 50+ հատուկ քսուքներ, որոնք հատուկ նախատեսված են դեմքի հենց նուրբ հատվածները պաշտպանելու համար: