Ինչպե՞ս ազատվել եղունգների փխրունությունից. երեք արդյունավետ բնական միջոց

Գեղեցիկ, առողջ ու փայլուն եղունգներ ունենալու համար մարդիկ սովորաբար դիմում են մատնահարդարին ու կիրառում են եղունգների լաքեր ու խնամքի այլ միջոցներ, սակայն դրանք զուտ կոսմետիկ միջոցներ են, որոնք երկարատև գործածության դեպքում կարող են անգամ վնասակար լինել և հանգեցնել եղունգների փխրունության ու շերտազատման։

Նման տհաճ հետևանքներից խուսափելու և միաժամանակ եղունգները սնուցելու և ամրապնդելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել խնամքի բնական միջոցներ, որոնք չեն առաջացնում կողմնակի բարդություններ, հագեցնում են եղունգներն անհրաժեշտ սննդարար նյութերով և առողջ փայլ են հաղորդում։

Aif.ru կայքը ներկայացրել է նմանատիպ երեք բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել եղունգներն ու ազատվել դրանց փխրունությունից։

  • 1 ճաշի գդալ ծովի աղը լուծել մի բաժակ գոլ ջրում, այնուհետև մատների ծայրերն ընկղմել այդ լուծույթի մեջ և պահել 20 րոպե։ Այս պրոցեդուրայից հետո ձեռքերը լվանալու կարիք չկա. պարզապես հարկավոր է չորացնել մատները մաքուր սրբիչով։ Պրոցեդուրան բավարար կլինի կրկնել շաբաթական ընդամենը 1-2 անգամ։
  • Ձիթայուղը տաք գոլորշու վրա մի փոքր տաքացնել, այնուհետև քսել եղունգներին ու բամբակյա ձեռնոց դնել։ Թողնել յուղը մեկ ժամ, որից հետո լվանալ ձեռքերը։
  • 2-3 հատ կարտոֆիլն առանց կեղևազրկելու ջեռոցում եփել, այնուհետև տրորել ու խյուղ դարձնել (առանց կեղևազրկելու)։ Ստացված խյուսին ավելացնել ⅓ բաժակ գոլ կաթ, լավ խառնել ու քսել խառնուրդը եղունգներին ու ձեռքերի մաշկին։ Թողնել դիմակը 15 րոպե, այնուհետև լվանալ ձեռքերը։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ եղունգների փխրունությունը կարող է պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով կամ օրգանիզմում որոշակի կարևոր տարրերի պակասով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: