Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը չի կարողացել գրանցվել որպես ԱՄՆ նախագահական ընտրությունների անկախ թեկնածու Նյու Ջերսի նահանգում: Այս մասին օգոստոսի 4-ին հայտնում է տեղի North Jersey լրատվական պորտալը:
Ուեսթի օգնականները հուլիսին անհրաժեշտ փաստաթղթեր էին ներկայացրել Նյու Ջերսիում, որպեսզի երաժիշտը ընդգրկվի թեկնածուների թվում, որոնց օգտին կկարողանան քվեարկել նահանգի բնակիչները:
Նշվում է, որ ստորագրություններից մի քանիսը, որոնք հավաքվել էին Ուեսթի գրանցումն ապահովելու համար, անվավեր են ճանաչվել: Նախընտրական շտաբի ներկայացուցիչները հայտնել են, որ դադարեցնում են այդ որոշումը բողոքարկելու փորձերը և այլևս չեն փորձելու Ուեսթի անունը ներառել Նյու Ջերսիի ընտրացուցակում:
Աղբյուրի տվյալներով՝ նրան հաջողվել է որպես թեկնածու գրանցվել միայն վեց նահանգներում: Մի շարք նահանգներում արդեն սպառվել է ժամկետը, որի ընթացքում պետք էր հավաքել անհրաժեշտ ստորագրությունները:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին Ուեսթը հայտնել էր հուլիսի սկզբին: ԱՄՆ-ում հերթական ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին: