Զարեհ Գալստյանը` իր նոր տեսահոլովակի և ժողովրդական երաժշտության զարգացման միտումների մասին

Թառահար, «Գողթ» խմբի երաժիշտ Զարեհ Գալստյանը վերջերս իր լսարանի դատին հանձնեց ևս մեկ գեղեցիկ երաժշտական տեսահոլովակ, որն այս անգամ տարբերվում է ոչ միայն իր ոճով ու ժանրով, այլ նաև հետաքրքիր ու գունավոր մոտեցմամբ ու լուծումներով։

ShowBiz.am կայքի հետ զրույցում երիտասարդ երաժիշտը խոսել է իր նոր «Պախկվոցի» երաժշտական տեսահոլովակի ստեղծման և նկարահանումների մասին, անդրադարձել սպասվելիք նորություններին, ինչպես նաև խոսել ժողովրդական երաժշտության կարևորության ու դրա պահպանմանն ուղղված քայլերի մասին։

Խոսելով նոր տեսահոլովակի ստեղծման մասին և անդրադառնալով այն հարցին, թե ինչ նպատակ է ունեցել ժանրային այսպիսի համադրությունը, Զարեհը պատմում է․ «Սա ավելի շատ եղել է մարքեթինգային քայլ։ Նպատակ ենք ունեցել, որպեսզի թե՛ նոր և թե՛ հին սերունդները սկսեն ավելի շատ ճանաչել մեր ժողովրդական գործիքները։ Հիմա մեր երեխաներից շատերը չգիտեն, թե թառը առհասարակ ինչ գործիք է։ Այժմ մեծամասնությունը լսում է փոփ երաժշտություն, դրա համար էլ աշխատել եմ այնպես անել, որ այս անգամ բոլորի ականջին հաճելի, հասանելի երաժշտություն ստեղծվի։ Նշեմ, որ սա եղել է իմ գաղափարը։
Ժողովրդական երաժշտություն շատ քիչ մարդ կա, որ լսում է կամ առհասարակ ճանաչում է, դրա համար էլ այս գործն արել եմ, որ այն մի քիչ, այսպես ասած, տարածվի ու ճանաչում ձեռք բերի»։


Իսկ թե նմանատիպ գործերը շարունակական բնույթ կկրեն, թե՝ ոչ, երաժիշտը միանշանակ պատասխանել չի կարողանում․ «Կարծում եմ՝ մեկ-մեկ կլինեն նմանատիպ գործեր, բայց ես այսուհետ առավելապես ցանկանում եմ շեշտը դնել ժողովրդական երաժշտության վրա։ Հիմնական նպատակս այն է, որ մարդիկ կարողանան ճանաչել իրենց երաժշտությունը, որովհետև ամեն ազգի «անձնագիրը» իր արվեստն է, իսկ երաժշտությունը արվեստի գլխավոր մասնիկներից մեկն է»։

Տեսահոլովակի վրա աշխատել են ռեժիսոր Դանիել Ղազարյանը, օպերատրությամբ և մոնտաժով զբաղվել է Անդրանիկ Մանթաշյանը։ Տեսահոլովակի ստեղծման գործում օգնել է նաև Individuum Casting Production-ը՝ մասնավորապես Ստելլա Հարությունյանը։

Ըստ Զարեհի՝ նկարահանումները շատ թեթև են անցել՝ տևելով մոտավորապես 5-ից 6 ժամ։

«Երաժշտությունը ստեղծվել է կարանտինի շնորհիվ։ Միտքն ուղղակի ծնվեց իմ մեջ, գնացի Վահրամ Յանիկյանի՝ իմ երաժշտական պրոդյուսերի մոտ և ասացի, որ այսպիսի միտք կա, ու քանի որ ես ու Վահրամն իրար շատ լավ ենք հասկանում, հենց ասում եմ՝ ինչ է պետք, նա միանգամից գործի է անցնում»,- պատմում է Զարեհ Գալստյանը։

Զրույցի ընթացքում նաև անդրադարձանք գործիքային երաժշտության պահանջարկին ու դրա նրբություններին․ «Հայաստանում շատ քիչ են լսում գործիքային երաժշտությունը, և դա ես հասկացել եմ մեր սեփական փորձից։ Մեր ցանկացած ստեղծագործության տակ, որն արդեն հասցրել ենք տեղադրել համացանցում, կարող եք կարդալ նմանտիպ մեկնաբանություններ՝ «Բա բառերն ու՞ր են», «Քանի րոպե է՝ ուզում եմ ինչ-որ բառեր լսել, բայց ոչ մի բան չկա» ու այսպես շարունակ։ Ու չգիտես ինչու, մարդկանց դա վանում է, եթե բառեր չկան, ապա այն արժանի չէ լսելի լինելու։ Ժողովուրդ ջան, գործիքային երաժշտությունն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի, ու եթե սկսեք այն ավելի շատ լսել, հաստատ ավելի կսիրեք ու ձեզ բավարարված կզգաք»։

Երաժիշտն արդեն աշխատում է նոր ստեղծագործության վրա․ «Արդեն նոր ստեղծագործության միտքը կա, աշխատելու եմ ընկերոջս՝ թավջութակահար Նարեկ Գասպարյանի հետ, տեսնենք՝ ինչ կստացվի»։

Իրենց խմբի՝ «Գողթի» հետ կապված ևս շուտով նորություններ են սպասվում։ «Արդեն քանի տարի է՝ ասում ենք, որ շուտով ձայնասկավառակ կունենանք ու, կարծում եմ, այդ օրն արդեն մոտ է, քանի որ բոլոր գործերն արդեն պատրաստ են, մնում են մյուս աշխատանքները։ Այնպես որ՝ շատ չի ուշանա»,- հույս հայտնեց Զարեհը։

Աշխատելով և ստեղծագործելով թե՛ միայնակ, թե՛ խմբի կազմում՝ երաժիշտը նշեց, որ երկու տարբերակում էլ իրեն բավարարված ու լիարժեք է զգում․ «Իրականում երկուսն էլ հեշտ է։ Թե՛ խմբի հետ, թե՛ առանձին միևնույն է՝ տպավորություն է, թե մեկ հոգի է աշխատում, քանի որ խմբի ներսում բոլորս էլ իրար շատ լավ ենք հասկանում»։

Զարեհը սկսել է նվագել 9-10 տարեկանից։ Ասում է՝ սկզբում չի հասկացել, թե ինչ է նվագել, բայց հստակ գիտակցել է, որ այդ երաժշտությունն իրեն դուր է գալիս։ Իսկ արդեն հետագայում ժամանակի ընթացքում հասկացել է, թե ինչքան լավ գործիքի է տիրապետում ու թե այն ինչքան կարևոր է դարձել իր համար։ «Եթե անկեղծ, ապա այնքան էլ մեծ չէ ցանկությունն այլ գործիք ևս սովորել նվագելու, բայց կարծում եմ, որ ցանկացած նմանատիպ գործիք էլ կարող եմ հեշտությամբ սովորել, եթե, իհարկե, ցանկությունը լինի»,- կիսվում է երաժիշտը։

Խոսելով այլ զբաղմունքների և կարանտինային առօրյայի մասին՝ Զարեհը պատմում է․ «Կարանտինային այս ընթացքը բավականին դրական ազդեց վրաս։ Ամբողջ կյանքս գիրք չէի կարդացել ։D, կարանտինի ընթացքում սկսեցի կարդալ ու, անկեղծ, այն դարձել է իմ օրվա անբաժան մասը, առնվազն 2-3 ժամ օրվա ընթացքում հատկացնում եմ ընթերցանությանը»։

Զարեհը նաև կիսվում է, որ կարանտինի ընթացքում և առհասարակ միշտ զուգահեռ ինչ-որ գործ, զբաղվածություն ունեցել է․ «Վերջերս SMM եմ սովորել, հիմա զուգահեռաբար զբաղվում եմ նաև դրանով»։

Իր խոսքը Զարեհը եզրափակում է՝ առաջարկելով, թե ինչ կարելի է անել ժողովրդական երաժշտության տարածմանը նպաստելու համար․ «Ես բազմիցս ասել եմ ու միշտ կրկնելու եմ, որ ցանկանում եմ մեր մեդիա հարթակներում տեսնել գոնե մեկ ժողովրդական ալիք, որտեղ առավոտից երեկո կհնչի ժողովրդական երգ-երաժշտություն»,- պատմում է երաժիշտն, ապա հավելում․ «Թե մեր խումբը, թե գործող մյուս ժողովրդական խմբերն ամեն բան անում են, որպեսզի այս երաժշտությունն ավելի լսելի ու պահանջված դառնա։ Շատ հաճախ խմբերը վերցնում են ժողովրդական երաժշտությունն ու դրան հաղորդում են իրենց գույնը։ Օրինակ՝ մեր խմբում ժողգործիքիների հետ մեկտեղ կան նաև դաշնամուր և թավջութակ, որոնք իրենց տրամադրությունն ու գույներն են հաղորդում երաժշտությանը»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան