Մարկ Ցուկերբերգի կարողությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անձնական կարողությունն առաջին անգամ գերազանցել է $100 մլրդը այն բանից հետո, երբ Facebook Inc.-ը հայտարարել էր TikTok-ի մրցակից Reels-ի ստեղծման մասին, փոխանցում է Bloomberg-ը։

36-ամյա Ցուկերբերգը, այդպիսով, միացել է տեխնոլոգիական այլ հսկաների՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին, ովքեր ևս նման կարողություն ունեն։

Ցուկերբերգի կարողության հիմնական աղբյուրը 13% բաժնետոմսն է Facebook-ից։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ավելի շատ մարդկանց ներկայություն է ապահովվել առցանց հարթակներում, ինչի արդյունքում, օրինակ, Facebook-ի հիմնադրի կարողությունն աճել է $22 մլրդ-ով, իսկ Բեզոսինը՝ $75 մլրդ-ով։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Facebook-ը TikTok-ի նման պրոդուկտ է թողարկել ընկերությանը պատկանող Instagram սոցկայքում։ Այնտեղ աշխարհի 50 երկրից հնարավոր կլինի 15-վայրկյանանոց հոլովակներ թողարկել Reels ծառայության միջոցով։ Հուլիսին, սակայն, Facebook-ի հիմադիր Մարկ Ցուկերբերգն ԱՄՆ կոնգրեսականների մոտ հարցաքննության ժամանակ հերքել էր, որ իր ընկերությունը կրկնօրինակում է մրցակից ընկերությունների արտադրանքներւ՝ վերացնելով նրանց բիզնեսը։