Ջորջ և Ամալ Քլունիները 100000 դոլար են նվիրաբերել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մարդկանց օգնելու համար

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել է 135 մարդ, ևս հինգ հազար մարդ վիրավորվել են: Բազմաթիվ հայտնի մարդիկ արձագանքեցին ողբերգությանը՝ հրապարակավ ցավակցելով զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Իսկ 59-ամյա Ջորջ Քլունին և նրա 42-ամյա կինը` Ամալը, որոշեցին 100,000 դոլար նվիրաբերել Լիբանանում գործող բարեգործական հիմնադրամներին, որոնք օգնություն են ցուցաբերում պայթյունի հետևանքով զոհվածների ու տուժածների ընտանիքներին:

«Մենք երկուսս էլ շատ անհանգստացած ենք Բեյրութի բնակիչների համար: Երեք բարեգործական ընկերությունների, որոնք զգալի աշխատանք են իրականացնում տուժածներին ու զոհվածների ընտանիքներին օգնելու համար, մենք 100 հազար դոլար ենք նվիրաբերել և հուսով ենք, որ հնարավորության դեպքում այլ մարդիկ ևս կօգնեն»,- ասված է ամուսինների պաշտոնական հայտարարության մեջ: