Քնարիկ Զաքարյանի անկեղծ զրույցն ու նոր ֆոտոշարքը

Սիրված դերասանուհի Քնարիկ Զաքարյանը նոր ֆոտոշարք ունի, որի առաջին կադրերը տարամադրել է Showbiz.am-ին: Նոր ֆոտոշարքում Քնարիկի ոճաբանը եղել է դիզայներ Գայան, ով ներկայանում է @StyledbyGaia անունով: Դերասանուհին նշում է, որ ոճաբանի հետ ծանոթությունն իրեն նոր շունչ է տվել ու հետագայի համար էլ շատ կցանկանա, որպեսզի այդ շփումը շարունակական լինի:
Դերասանուհուն հարցազրույցի ընթացում առաջարկվել են անավարտ նախադասություններ, որոնք շարունակելով՝ նա ներկայացրել է իր մասին շատ հետաքրքիր փաստեր:

Ամենահիշվող ծաղկեփնջերից մեկը ստացել եմ թատրոնում խաղացածս առաջին ներկայացումներից մեկից հետո. մի տղամարդ մոտեցավ ու աաց. «Խնդրում եմ, հանկարծ ոչ մի տեղ չգնաք: Ես Ձեզ ծաղիկներ չեմ բերել, բայց հենց հիմա վազելով կգնամ գնելու ու արագ կվերադառնամ: Ու իսկապես վազելով գնաց ու ընդամենը մի քանի րոպե անց հետ եկավ ծաղիկները ձեռքին»:

Ամենահիշվող խորհուրդը, որը երբևէ ստացել եմ մայրիկիս կողմից է հնչել: Նա ասում է. «Չի կարելի նախանձել: Նախանձը թույն է, եթե մտնի մարմնիդ մեջ` քեզ կսպանի: Հիշիր, որ այնպիսին ինչպիսին դու ես, այլևս ոչ ոք լինել չի կարող. դու անհատականություն ես, դու քո գույնն ունես ու այն չկրկնվող է, դու ոչ-ոքի նման չես ու ոչ-ոք նման չէ քեզ: Իսկ ինչ վերաբերում է բեմին ու մասնագիտությանը, հիշում եմ, որ Ալբերտ Մկրտչյանն ասում էր. «Քնարիկ ջան, էդ մանր քայլերիդ վերջը տուր: Բեմը չի սիրում մանր քայլեր, բեմին մեծ քայլեր են պետք»: Այդ խոսքերը մինչ օրս էլ հիշում եմ, երբ տեսնում եմ դերասանը կամ դերասանուհին բեմի վրա մանր քայլերով են գնում-գալիս: Այդ պահին Ալբերտ Մուշեղիչի ձայնն է ականջներումս հնչում: Իսկապես, դա այնքան արհեստական է երևում բեմից:

Իմ կարգախոսը Աստծո պատվիրաններից մեկն է. «Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ հետ վարվեն»:

Ինձ համար կանացի իդեալը միշտ եղել է մայրս: Նա ինձ համար և՛ շատ գեղեցիկ կին է, և՛ շատ լավ դերասանուհի: Միշտ ձգտում էի իր նման լինել: Իսկ համաշխարհային աստղերից ուզում եմ նշել Սոֆի Լորենին` իր խառնվածքի, էներգետիկայի ու խաղի համար: Մինչ օրս էլ նրան շատ սիրում եմ:

Եթե կյանքում կարողանայի ինչ-որ բան փոխել, ապա այնպես կանեի, որ չլինեն պատերազմներ, ոչ մի երեխա հիվանդ չլինի ու չլինեն անվճարունակ ծնողներ:

Կինը երջանիկ է, երբ սիրված, գնահատված է, երբ սիրում է ու իր սիրելի տղամարդու աչքերում տեսնում է իր հանդեպ հիացմունքը, որովհետև ոչ մի խոսք դա չի կարող արտահայտել: Դու պետք է նրա հայացքում կարդաս, թե որքան շատ է քեզ սիրում, բայց առանց սիրելի աշխատանքի էլ երջանկությունը չեմ պակերացնում:

Իմ կարծիքով կնոջ լավագույն տարիքը գալիս է 30-ից հետո: Օրինակ ես շատ եմ սիրել 34-ս:

Հաջողված դերասանական կարերայից բացի հպարտանում եմ նաև իմ ընտանիքով, երեխաներով, ընկերներով ու նրանց հաջողություններով: Օրինակ՝ երբ լսում եմ, որ Ավետ Բարսեղյանը նոր բանաստեղծություն է գրել, միշտ ասում եմ իրեն. «Ավետ, որքան եմ ես քեզնով հպարտանում»:

Եթե իմ կյանքում չլիներ թատրոնը, հավանաբար, ես ես չէի լինի, կապրեի այլ երկրում, կզբաղվեի այլ գործով: Բայց քանի որ իմ կյանքում միշտ եղել է թատրոնը, կյանքիս մյուս բոլոր ճանապարհներն ու ճյուղերը հարմարվել են թատրոնին:

Խոհանոցն ինձ համար ստեղծագործելու հաճելի վայր է:

Ոճն ու նորաձևությունն ինձ համար ավելի գեղեցիկ լինելու, նորովի ներկայանալու խթան է:

Տղամարդու գլխավոր արժանիքը անդավաճան և մեծահոգի լինելն է:

Եթե կարողանայի իմ այժմյան փոձով և աշխարհընկալմամբ դիմել 18-ամյա Քնարիկին, ապա կասեի, որ շարունակի երազել: Կասեի. «Ամեն ինչ կլինի հենց այնպես, ինչպես ցանկանում ու երազում ես, իսկ այն մարդկանց, որոնք վրիպում են, խնդրում եմ, թույլ մի տուր մտնեն քո կյանք, որովհետև, եթե մարդը քեզ մեկ անգամ մեջքից հարվածել է, ապա նորից դա կանի»:

Հեղինակ` Դիանա Զաքարյան