30-ամյա վարսահարդարն արվեստի գործեր է ստեղծում իր հաճախորդների գլխներին (լուսանկարներ)

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բնակվող 30-ամյա վարսահարդարը մեծ հայտնիություն է ձեռք բերել իրական արվեստի գլուխգործոց հիշեցնող իր աշխատանքներով, գրում է odditycentral.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Չիոնգ Սուան Թուան անունով տղամարդն արդեն տասը տարի է՝ վարսահարդարմամբ է զբաղվում, սակայն փորձարկումներ սկսել է անել մոտ հինգ տարի առաջվանից։ Սուան Թուանը, վարսահարդարման ամենապարզ պարագաներն օգտագործելով, հաճախորդի գլխի հետևի հատվածում հետաքրքիր պատկերներ՝ այդ թվում և դիմապատկերներ է ստանում։

Նշվում է, որ նրա աշխատանքները հայտնիություն են ձեռք բերել 2018 թվականին՝ սոցցանցերում պորտուգալացի ֆուտբոլիստ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պատկերով աշխատանքի տարածումից հետո։ Սրան հաջորդել են արդեն վիետնամական հեռուստատեսային դեմքերի հետ աշխատելու հրավերները։

Արդյունքում վարսահարդարն իր աշխատանքներից կազմված արդեն բավականին մեծ պորտֆոլիո ունի, որտեղից էլ հաճախորդը կարող է ընտրել, թե որ սանրվածքն է ուզում ունենալ։ Մասնագետի խոսքով՝ իր բիզնեսը հիմնականում զարգանում է սոցիալական ցանցերի միջոցով։

Նշվում է, որ յուրահատուկ այս սանրվածքի արժեքը տատանվում է 300 000-ից 400 000 դոնգի սահմաններում (13-17 դոլար), սակայն կարող է հասնել նաև 500 000-ից 700 000 դոնգի (20-30 դոլար)։

Նշվում է, որ որոշ աշխատանքներ ընդամենը երկու օր կարող են պահպանվել, իսկ որոշներն էլ՝ սովորաբար մինչև տասը օր։