Apple-ի ղեկավար Թիմ Քուկը միլիարդատեր է դարձել

Օգոստոսին ամերիկյան Apple ընկերության կապիտալիզացիայի մինչև 2 տրիլիոն դոլարի աճն ավելացրել է կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկի կարողությունը՝ այն հասցնելով 1 միլիարդ դոլարի, գրում է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ գործարարն արդեն միլիարդատիրոջ կարգավիճակ ունի։

Եթե Apple-ի արժեթղթերն օգոստոսին անկում չապրեն, ապա Քուկը որպես պարգևավճար ևս 100 միլիոն դոլար կստանա։ Բացի այդ, վերջին շրջանում նա նաև բաժնետոմսեր է վաճառել, ստացել է 650 միլիոն դոլարի շահաբաժիններ ու այլ բոնուսներ։ Միևնույն ժամանակ, գործարարին Apple-ի բաժնետոմսերի 0,02 տոկոսն է պատկանում, որը համարժեք է 375 միլիոն դոլարին։

«Քուկի սեփական կապիտալի գնահատականը հիմնված է նորմատիվային փաստաթղթերի վերլուծության և բաժնետոմսերի վաճառքից գոյացած եկամտի ցուցանիշների վրա։ 59-ամյա Քուկը 2015 թվականին հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել իր կարողության մեծ մասից և արդեն հասցրել է Apple-ի՝ մեկ միլիոն դոլարի բաժնետոմսեր նվիրաբերել»,- գրում է Bloomberg գործակալությունը։

Հիշեցնենք, որ Քուկն ընկերության ղեկավարի պաշտոնը ստանձնելու հետ միասին նաև բաժնետոմսերի փաթեթ էր ստացել։