«Մենախոսություն կնոջ մասին». Մանվել Խաչատրյանն ու Լիլյա Մուկուչյանը` նոր ներկայացման մասին

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում հանդիսատեսի դատին հանձնվեց Ռոբերտ Ռոժդեստվենսկու «Մենախոսություն կնոջ մասին» ստեղծագործության համանուն ներկայացումը, որի ռեժիսորը Մանվել Խաչատրյանն է: Այն պատմություն է միայնակ կնոջ մասին, որի միայնությունը վերածվել է պատժի, և հնարավոր փրկություն կարող է դառնալ գտնված սերը։
Մոնոներկայացման դերասանուհին` Լիլյա Մուկուչյանն է, ով Showbiz.am կայքի հետ զրույցում պատմեց, թե ինչպես առաջացավ Ռոժդեստվենսկու բանաստեղծությունը բեմադրելու գաղափարը:

«Ճիշտն ասած, առաջարկը եղել է իմ կողմից: Ինձ զանգահարեց «Արմմոնո»-ի տնօրենը` Մարիաննա Մխիթարյանը և առաջարկեց մասնակցել փառատոնին: Այդ ամենից հետո ես կապվեցի Մանվելի հետ, իհարկե, նա միանգամից համաձայնեց, ու մենք սկսեցինք աշխատանքները»,- ասում է Լիլյան:

Իր հերթին` ռեժիսոր Մանվել Խաչատրյանը նույնպես կիսվում է Լիլյայի հետ համագործակցության ու ներկայացման  գաղափարի մասին. «Նյութը ընտրել էր Լիլյան, ռեժիսորին նույնպես ընտրել էր Լիլյան, Լիլյա արվեստագետի մասին անվերջ կարելի է խոսել։ Մի օր փորձերից մեկի ընթացքում ասացի` եթե քո նման 10 դերասան ունենամ, ես կդառնամ ուժեղ ռեժիսոր: Նրա հետ աշխատելը մի ուրիշ հաճույք է ռեժիսորի համար»։

Իր դերի հետ կապված Լիլյան ունեցել է մտավախություններ, սակայն ռեժիսոր Մանվել խաչատրյանը նրան թույլ չի տվել հուսահատվել:
«Հատուկ բարդություններ չեն եղել, պարզապես, ես առաջին անգամ պետք է հանդես գայի այս ժանրում: Բեմում միայնակ լինելն, իհարկե, ինձ վախեցրեց, բայց հենց դրա համար էլ կողքիս էր ընկեր, ռեժիսոր Մանվել Խաչատրյանը, ով աջակցում էր ինձ ու թույլ չէր տալիս հուսահատվել»,- կիսվում է դերասանուհին:

Ռեժիսորը նույնպես նշում է, որ դժվարություններ չեն առաջացել փորձերի ընթացքում:
«Ոչ մի դժվարության չենք հանդիպել, քանի որ կես բառից հասկանում ենք իրար, ունեցել ենք շատ քիչ փորձեր ու համոզվել, որ հաջողությունը ոչ թե երկար բարակ փորձերից է, այլ անբացատրելի այլ ուժերից կախված մի բան»,- ասում է Մանվելը:

Ներկայացման նախապատրաստական փորձերն ընթացել են կարանտինի ընթացքում, սակայն դերասանուհին հավատացնում է, որ դժվարություններ չեն առաջացել:
«Չեմ կարող ասել, որ ավելի շատ դժվարություններ են եղել, քան նախկինում: Միայն թե մենք շատ ուժեղ հետևում էինք անվտանգությանը, որպեսզի չվարակվենք ու չվարակենք»,- հիշում է Լիլյան:
Խոսելով ներկայացման ուղերձի մասին` դերասանուհին ասում է. «Մենք չէինք ցանկանում ոչ մի ուղերձ հասցնել, անկեղծ ասած, ոչ մի ներկայացման մեջ էլ մենք չունենք նման նպատակ, մենք ուղղակի կատարում ենք մեր աշխատանքը: Բայց ամեն դեպքում, ժամանակակից աշխարհում կնոջ տեղի ու դերի թեման ակտուալ է: Մենք հաճախ էինք այդ մասին խոսում, և ոչ միայն Մանվելի, այլև խորեոգրաֆ Նունե Կիրակոսյանի հետ, ով ամենասկզբից ուներ իր մասնակցությունը ներկաայցման ստեղծման մեջ»:

Լիլյան նաև պատմում է, որ սա կարանտինի ընթացքում իրենց միակ ներկայացումը չէ: Դեռ մայիսին Մանվել Խաչատրյանի հետ նրանք կարողացան իրականացնել իրենց վաղեմի երազանքը` բեմադրեցին Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» ստեղծագործությունը:

«Այստեղ կարանտինը մեզ խանգարեց, որովհետև դրա վրա մենք աշխատել ենք մի քանի տարի շարունակ, և ցանկանում էինք ստեղծել հետաքրքիր ու ոչ ստանդարտ ներկայացում: Ներկայացման ռեժիսորը Մավն է: Օպերատոր Գարիկ Մանուկյանի շնորհիվ մենք կարողացանք նկարահանել, ինչպես ինձ է թվում, արժանավոր աշխատանք` հեռուստաներկայացում»,- «Խեղճ մարդիկ» ներկայացման մասին պատմում է դերասանուհին:

Կարանտինից հետո Լիլյան կներկայանա Կարեն Ներսիսյանի ևՄանվել Խաչատրյանի ներկայացումներում, իսկ Մանվել խաչատրյանն այս շրջանում ակտիվ աշխատում է Մրոժեկի «Ամառային օր» պիեսի վրա:

Հեղինակ` Տաթևեր Լազարյան