«Այսպիսի կերպար դեռ չէի ունեցել». Ռոզի Ավետիսովան` Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում իր կերպարի, գործընկերների ու նկարահանումների մասին

Շուտով էկրաններ կբարձրանա Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմը, որում իր դերակատարումն ունի սիրված դերասանուհի Ռոզի Ավետիսովան: Showbiz.am կայքի հետ զրույցի ընթացքում Ռոզին պատմել է իր ու ռեժիսորի համագործակցության, իր հետաքրքիր կերպարի ու արտակարգ դրության պայմաններում անցկացված նկարահանումների մասին:

Սա Մհեր Մկրտչյանի հետ Ռոզիի առաջին աշխատանքն է: Փորձեցինք պարզել, թե ինչպես է ստացվում դերասանուհու և ռեժիսորի համատեղ աշխատանքը․ արդյո՞ք նրանք միանգամից իրար հասկանում են, թե՞ լինում են աշխատանքային տարաձայնություններ: «Շատ հեշտ հաստատվեց ռեժիսոր-դերասան կապը: Ես միշտ փորձում եմ ռեժիսորին ենթարկվել և վստահել: Կարծում եմ, որ նա միշտ ավելի ճիշտ է տեսնում: Մհերին, ինչ խոսք, լիարժեք վստահում և հավատում եմ: Հուսով եմ` ինքն էլ ինձ»,- պատմում է դերասանուհին:

Պատմելով, թե ինչպես ստացավ Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում նկարահանվելու առաջարկը՝ դերասանուհին ասում է. «Մհերի ֆիլմում հայտնվեցի քասթինգով. սա 4-րդ անգամն էր, որ իր մոտ քասթինգի էի մասնակցում և վերջապես հաջողվեց»:

Ռոզին նշում է, որ ֆիլմում նկարահանվել են նաև շատ հայ դերասաններ. «Անի Ղազարյանը, Սարգիս Գրիգորյանը, Ժաննա Վելիցյանը, Մարտին Խաչատրյանը ու էլի մի խումբ տաղանդավոր մարդիկ են ներգրավված այս ֆիլմում»:

Կորոնավիրուսային համավարակի օրերին դժվար էր անգամ տնից դուրս գալը, բայց Մհեր Մկրտչյանը, նկարահանող խումբն ու իրենց գործի նվիրյալ դերասանական կազմը խիզախեցին և կարողացան անվտանգ ու արդյունավետ նկարահանումներ իրականացնել: Խոսելով դերասանների ու նկարահանող խմբի համար առաջացած խոչընդոտների մասին՝ Ռոզի Ավետիոսավան պատմում է. «Հեշտ չէր, իհարկե, և՛ նկարահանվել, և՛ պահպանել սոցիալական հեռավորություն, և՛ հետևել պարետատան կանոններին, բայց մենք փայլուն էինք դա կատարում: Մեծ բարդություններ ինձ հետ չեն եղել, իմ նկարահանման օրերն էլ թվով քիչ էին: Իմ մասնակցությամբ տեսարանները հիմնականում Երևանում են նկարահանվել»:

Խոսելով ֆիլմի, իր մարմնավորած կերպարի ու մոտալուտ պրեմիերայի մասին, դերասանուհին ասում է. «Ֆիլմի մասին դեռ չեմ խոսի, կասեմ միայն, որ հերոսուհիս ուժեղ բնավորությամբ, մի քիչ ցինիկ, խարակտերային դեմք է, այսպիսի կերպար դեռ չէի ունեցել: Հուսամ տարվա վերջ ֆիլմը կբարձրանա էկրաններ: Ես շատ եմ սպասում»:

Հեղինակ` Դիանա Զաքարյան