Ռմբակոծությունից տուժած Բերդ քաղաքում անցկացվել է «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով ծրագիրը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ընթացքում ռմբակոծությունից տուժած Բերդ քաղաքում անցկացվել է «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով ծրագիրը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ միջոցառման ընթացքում կատարումներով հանդես են եկել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, ջազմեն Վահագն Հայրապետյանը:
«Ամուր ենք մեր բանակով ու մշակութային թիկունքով: Երեկ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում համերգային կատարումներով հանդես են եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը»,- գրել է Հարությունյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 5-ից: Առաջին միջոցառումներն անցկացվել են Արծվաբերդ (օգոստոսի 5) և Տավուշ (օգոստոսի 6) գյուղերում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի պատանի երաժիշտների և «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ: