Լավագույն բնական միջոցները մազերի աճը խթանելու և դրանց առողջ փայլ հաղորդելու համար

Փարթամ, առողջ ու փայլուն վարսեր ունենալու մասին շատերն են երազում, սակայն շատ հաճախ սխալ խնամքը, վատ սննդակարգը, մազերի հարդարման վնասակար միջոցների գործածությունն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները բացասաբար են անդրադառնում մազերի որակի, աճի ու տեսքի վրա, ինչի հետևանքով դրանք վնասվում են, թուլանում, նոսրանում ու կորցնում են առողջ փայլը։

Նման խնդիրներից խուսափելու և մազարմատներն ամրապնդելու համար մարդիկ սովորաբար կիրառում են հատուկ դիմակներ ու կոնդիցիոներներ, սակայն դրանք պարունակում են քիմիական վնասակար տարրեր և ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև կարող են էլ ավելի վատթարացնել մազերի վիճակը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են խուսափել պատրաստի խնամքի միջոցներից և նախապատվությունը տալ բնական դիմակներին, որոնք արդյունավետ են, շատ ավելի հասանելի և չեն պարունակում որևէ վնասակար բաղադրիչ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ ձեռք բերել առողջ, փարթամ ու փայլուն վարսեր և չեն առաջացնի որևէ կողմնակի բարդություն։

Թուրմեր մազերին առողջ փայլ հաղորդելու համար

  • 3  ճաշի գդալ չորացրած ու մանրացրած եղինջի տերևներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև ավելացնել 1 ճաշի գդալ քացախ և օգտագործել ստացված թուրմը մազերը լվանալուց հետո մաքրաջրելու համար։
  • Խառնել հավասար քանակությամբ չորացրած սրոհունդն ու հազրեվարդը, այնուհետև խառնուրդի 3 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր ու թրմել։ Ստացված թուրմին ավելացնել մի քանի կաթիլ կռատուկի յուղ և օգտագործել ստացված թուրմը մազերը լվանալուց հետո մաքրաջրելու համար։

Շամպուններ մազերի աճը խթանելու համար

  • Խառնել հավասար քանակությամբ ուրցը, կաղնու կեղևն ու ուռենու կեղևը, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր ու թրմել։ Ստացված թուրմը հարկավոր է խառնել շամպունին ու օգտագործել խառնուրդը մազերը լվանալու համար։
  • 1 ճաշի գդալ չորացրած դաշտային ձիաձետին ավելացնել կես լիտր եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև  ստացված թուրմը խառնել շամպունին ու օգտագործել խառնուրդը մազերը լվանալու համար։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ մազերի որակի և տեսքի վրա կարող են բացասաբար անդրադառնալ նաև օրգանիզմում տեղի ունեցած որոշ խանգարումները, ուստի վարսերի առողջական վիճակի վատթարացումը ոչ միշտ է լինում զուտ կոսմետիկ խնդիր և նման միջոցների կիրառումի չի օգնի ազատվել հիմնական խնդրից։ Նման դեպքերում մինչ այս դիմակները կիրառելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։