Հայաստանում կկայանա Ֆրեսկո միջազգային փառատոնը

Հայաստանում օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը կանցկացվի Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը:
Փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավելի հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:
Փառատոնի 11 օրերի ընթացքում կպահպանվեն  համավարակի կանխարգելման բոլոր կանոնները:

Ֆրեսկոյի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, այնուհետև համերգին կհաջորդեն միջազգային ֆիլմերի դիտումները:
Փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը հենց Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի  դիտում–քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ:
Փառատոնի ընթացքում՝ օգոստոսի 28-ին կկայանա  Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70 -ամյակին նվիրված հոբելյանական համերգը, օգոստոսի 30-ին երկրպագուները հնարավորություն կունենան վայելելու Ջիվան Գասպարյանի և ընկերների համերգը:
Նշենք, որ փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ և Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: