Լավագույն բուսական թեյերն առողջ, փայլուն ու երիտասարդ մաշկ ունենալու համար

Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է, որը հաճախ է ենթարկվում արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությանը, ինչը հանգեցնում է մաշկային մի շարք խնդիրների առաջացման ու դառնում վաղաժամ կնճիռների պատճառ։ Նման խնդիրների դեմ պայքարի համար մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել հակաօքսիդանտներով հարուստ մթերք, որը կպաշտպանի մաշկն ազատ ռադիկալների ազդեցությունից, կխթանի կոլագենի արտադրությունն ու կպայքարի պիգմենտային հետքերի և վաղաժամ կնճիռների դեմ:

The Health Site-ը ներկայացրել է հակաօքսիդանտներով հարուստ լավագույն ըմպելիքները, որոնք կօգնեն պահպանել մաշկի թարմությունն ու առողջությունը։

Երիցուկով թեյ

Երիցուկով թեյը հանգստացնում է մարմինն ու միտքը՝ օգնելով ավելի արագ քուն մտնել, իսկ որակյալ գիշերային քունը շատ կարևոր է առողջ ու փայլուն մաշկ ունենալու համար։ Բացի այդ, երիցուկով փաթեթիկները թրմելուց հետո կարելի է դնել աչքերին՝ մուգ շրջանակներից ու այտուցներից ազատվելու համար։

Սպիտակ թեյ

Մասնագետների խոսքով՝ սա թեյի ամենամաքուր տեսակն է, որը պարունակում է հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ։ Նման թեյի գործածությունը դանդաղեցնում է ծերացման գործընթացն ու նվազեցնում է մաշկի պրկության համար պատասխանատու սպիտակուցների՝ էլաստինի ու կոլագենի կորուստը։

Հասմիկով թեյ

Այս բուրավետ ըմպելիքն օժտված է հակաբակտերիալ ու հակավիրուսային ազդեցությամբ որոնց շնորհիվ պաշտպանում է մաշկը վնասակար վիրուսներից ու վարակներից և օգնում է արագ վերականգնվել վնասվածքներից հետո։ Բացի այդ, այն նվազեցնում է ծերացման գործընթացներն ու ակտիվորեն կիրառվում է մաշկային այնպիսի խնդիրների բուժման համար, ինչպիսին են էկզեման ու բշտիկները։

Անանուխով թեյ

Անանուխով թեյը շատ օգտակար է այն մարդկանց համար, որոնք հաճախ են բախվում բշտիկների ու ցանի խնդրին։ Իր հակաանդրոգենային ազդեցության շնորհիվ անանուխը կարգավորում է հորմոններն ու ազատում է դրանց հետևանքով առաջացող ակնեից։ Բացի այդ, այս ըմպելիքը կարգավորում է մաշկային ճարպի արտադրությունն ու կանխում է ծակոտիների խցանումը։ Դրանում պարունակվող հակաօքսիդանտները կանխում են մաշկի բջիջների վնասվածքները՝ պահպանելով այն առողջ ու երիտասարդ։

Կանաչ թեյ

Կանաչ թեյի գործածությունը պաշտպանում է մաշկն արևի վնասակար ճառագայթներից, հարթեցնում է մանր ու խորը կնճիռները և առհասարակ երիտասարդացնող ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Այս ըմպելիքը պարունակում է կատեխիններ, որոնք կանխում են կոլագենի տարրալուծումն ու խթանում են դրա արտադրությունը՝ դրանով իսկ պահպանելով երիտասարդությունը։