Մահացել է դուդուկահար Գեորգի Մինասյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, դուդուկահար Գեորգի Վարդանի Մինասյանը (Մինասովը): Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ Մշակույթի մանկապատանեկան կենտրոնը։
«Մեծ վարպետն իր ողջ կյանքի ընթացքում հավատարիմ է եղել իր առաքելությանը և հայկական ծիրանափողի կախարդական հնչյուններով գերել ոչ միայն հայ, այլև օտարազգի հանդիսատեսին ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Սիրիայում, ԱՄԷ -ում Լիբանանում, Իրաքում և այլուր: Գեորգի Վարդանի Մինասովը նաև արտոնագրված գյուտարար էր, դուդուկի երեք նոր մոդիֆիկացիաների՝ բաս-դուդուկի, տենոր-դուդուկի և բարիտոն-դուդուկի հեղինակը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երաժիշտը հիմնել էր իր տեսակի մեջ աշխարհում եզակի «Դուդուկներ» համույթը, որի դիրիժորը նրա դուստր Տատյանա Մինասյանն էր: