«Կասկած չունեմ, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է»․ Սոբչակը՝ Նավալնիի հետ տեղի ունեցածի մասին

Հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացման կապակցությամբ Ինստագրամի իր էջում գրառում է կատարել՝ նրա հետ տեղի ունեցածը որակելով «քաղաքական հաշվեհարդար»։

«Չնայած նրան, որ վերջին տարիներին Ալեքսեյ Նավալնիից շատ կտրուկ խոսքեր եմ լսել, չնայած նրան, որ քաղաքական պայքարի նրա մեթոդներն ինձ միշտ չէ, որ հոգեհարազատ են եղել, այսօր ես ցանկանում եմ նրան իմ աջակցությունը հայտնել և ուժ մաղթել նրա մտերիմներին»,- գրել է հաղորդավորուհին։

Նրա վստահմամբ՝ կատարվածը քաղաքական հաշվեհարդար է։

«Ես ոչ մի կասկած չունեմ, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է»,- գրել է Սոբչակը։

Հաղորդավարուհու խոսքով՝ «Ալեքսեյը կարող էր կոպիտ խոսել հակառակորդի մասին և վիճաբանել նախկին դաշնակիցների հետ, բայց երբեք չի հարբել և թմրամիջոցների մասին ընդհանրապես խոսք լինել չէր կարող»:

«Ես դեռ սարսափած եմ ինքնաթիռում նրա ձայնի տեսագրությունից․ պարզապես սարսափելի է»,- գրել է նա։

Իր գրառման վերջում Սոբչակն առողջություն է մաղթել Նավալնիին՝ հուսալով, որ ընդիմադիր գործիչը «կհաղթի գլխավոր պայքարը՝ իր կյանքի համար պայքարը»։

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը երեկ Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Թվիթերում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է: