Մոսկվայում մեկնարկել է ամենամյա «Ծիրան» տոնակատարությունը

Մոսկվայի բնակիչները բազմազգ «Ծիրան» տոնակատարության ընթացքում ծանոթացել են հայկական մշակույթին։ Լուրը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը։ Ամենամյա բազմազգ տոնակատարության բացումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին՝ ВДНХ-ի №68 «Արմենիա» տաղավարի մոտ։ Այն Ռուսաստանի մայրաքաղաքի էթնոմշակութային օրացույցի կարևոր իրադարձություններից մեկն է դարձել։

Տոնական ծրագրի շրջանակում Մոսկվայի և ՌԴ այլ շրջանների երաժշտական համույթները կպատմեն իրենց ժողովուրդների մշակույթի, արվեստի, ավանդույթների և ժամանակակից կյանքի մասին։
Տեղի կունենա մինի-ֆուտբոլի խաղ՝ «Ծիրանե գնդակ» խորագրով, կանցկացվեն բազմաթիվ վարպետության դասեր, «Արևելյան բազար» ցուցահանդես-տոնավաճառը, շախմատի և նարդու մրցաշարեր, հնարքների շոու և այլն։
«Ծիրան» տոնակատարությունը կազմակերպում է «Մոսկվայի հայերի միությունը»՝ ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի, Մոսկվայի կառավարության և Ազգերի հարցերով դաշնային գործակալության աջակցությամբ։