Այլևս մրցանակ չի հանձնվի լավագույն դերասանին ու դերասանուհուն. Բեռլինյան կինոփառատոնը գենդերային հատկանիշով չեզոք է դարձրել մրցանակները

Բեռլինի նշանավոր կինոփառատոնի ընթացքում 2021թ.-ից սկսած այլևս մրցանակներ չեն հանձնվի «Լավագույն դերասան» ու «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում, որոնք հայտնվել են կինոփառատոնի անվանակարգերում դեռ 1956թ.-ին: Այժմ մրցանակները գենդերային առումով չեզոք են լինելու և դրանց փոխարեն մրցանակներ կհանձնեն լավագույն գլխավոր և երկրորդ պլանի դերերի համար:

«Մենք վստահ ենք, որ գենդերային հատկանիշով մրցանակների տարանջատման բացակայությունն ավելի մեծ ուշադրություն կհրավիրի կինոարտադրության ոլորտում գենդերային զգայունության խնդրի նկատմամբ»,- նշել են կինոփառատոնի կազմակերպիչներ Մարիետա Ռիսենբեկը և Կառլո Շատրիանը: Բեռլինյան կինոփառատոնը կդառնա առաջին խոշոր կինոփառատոնը, որը նման փոփոխության կենթարկվի, բայց Կաննում, Վենետիկում ու այլ համաշխարհային կինոփառատոնների ընթացքում կշարունակեն մրցանակներ հանձնել լավագույն դերասանին և դերասանուհուն։