Իլոն Մասկի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը

Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, ղեկավար Իլոն Մասկի կարողությունն այս տարեսկզբից ավելացել է ավելի քան 3,5 անգամ և առաջին անգամ գերազանցել 100 միլիարդ դոլարը, գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում տալով Bloomberg Billionaires Index (BBI) միլիարդատերերի վարկանշային ցուցակի տվյալներին:

Օգոստոսի 27-ի դրությամբ Մասկի կարողությունը գնահատվում է 101 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, BBI-ի համաձայն, այն տարեսկզբին 27,4 միլիարդ դոլար է կազմել։ Այս կերպ՝ միլիարդատիրոջ կարողությունը տարեսկզբի համեմատ ավելացել է 73,6 միլիարդ դոլարով, այն է՝ 3,7 անգամ։

Նշվում է, որ սա հիմնականում պայմանավորված է Tesla-ի բաժնետոմսերի թանկացմամբ. չորեքշաբթի արժեթղթերը թանկացել են 6,42 տոկոսով։ Tesla-ի բաժնետոմսերի գնանշումներն օգոստոսի 20-ին առաջին անգամ գերազանցել են 2000 դոլարը։ Նշվում է, որ հունվարին ընկերության բաժնետոմսերը 430,26 դոլար են արժեցել։

Չնայած եկամտի զգալի ավելացմանը՝ Մասկը շարունակոմ է BBI-ի վարկանշային ցուցակի չորրորդ հորիզոնականում մնալ։ Հիշեցնենք, որ BBI ցուցակում առաջատար է Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 202 միլիարդ դոլարով, երկրորդ տեղում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որն ունի 124 միլիարդ դոլար։ Ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (115 միլիարդ դոլար)։