«Ոչինչ չէի փոխի իմ կյանքում». Լիդիա Գրիգորյանի անկեղծ զրույցը

Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիդիա Գրիգորյանը բացի դերասանական կարիերան ունի նաև այլ` ևս շատ հետաքրքիր մասնագիտություն, որով զբաղվում է տարիներ շարունակ: Ժամանակին Լիդիան նկարչության հանդեպ սերը որոշեց վերածել մասնագիտության ու դարձավ նաև դաջվածքների մասնագետ: Տաղանդավոր դերասանուհին բացի երկու մասնագիտություններում հաջողություններ գրանցելուց, հպարտանալու այլ առիթ ևս ունի. Լիդիան ու նրա ամուսինը` դերասան և դաջվածքների հայտնի մասնագետ Գագիկ Մկրտչյանն, ունեն երկու հրաշք զավակներ` 7-ամյա էդուարդը և 1 տարեկան Դավիթը: Երիտասարդ մայրիկին հաջողվում է ժամանակ հատկացնել թե՛ սիրելի մասնագիտություններին և թե՛ ընտանիքին: Այս անգամ Showbiz.am-ի հետ զրույցի ընթացքում Լիդիան պատմել է իր մասին` շարունակելով մեր կողմից առաջարկված կիսատ մտքերը:

Կարող ես կյանքդ հաջողված համարել, երբ ինքնաբավ ես լինում:

Ամենահիշվող խորհուրդը, որ երբևէ ստացել եմ. «Շատ կարևոր է սիրուն աչքերից բացի նաև սիրուն հոգի ունենալ»:

Կարգախոսը կամ սկզբունքը, որով ապրում եմ և որից երբեք չեմ շեղվում հնչում է այսպես. «Ես մարդ եմ, ով չի կարողանում հանձնվել»:

Եթե կյանքում կարողանայի փոխել ինչ-որ բան, ապա միևնույնն է, ոչինչ չէի փոխի իմ կյանքում:

Կինը երջանիկ է, երբ նրա մեջ միշտ վառ ապրում է սիրահարվածության զգացումը:

Սիրել` նշանակում է չկարողանալ բառերով նկարագրել, թե ինչ է սերը:

Բնավորությանս ամենալավ կողմն այն է, որ սիրում եմ անշահախնդիր:

Բնավորությանս ամենավատ կողմը չափազանց ինքնաքննադատ լինելն է։

Նայելով երեխաներիս՝ հասկանում եմ, որ էլի պետք է երեխա ունենամ:

Մանկությունիցս մնացած ամենալավ հուշերը կապված են քեռուս տան ու հայրիկիս հետ զբոսանքների հետ:

Ընտանիքում ամենակարևորը փոխվստահությունն է:

Չեմ ափսոսում, որ տարիքով մեծանում եմ:

Եթե իմ կյանքում չլիներ թատրոնը, ապա կյանքս անհետաքրքիր կլիներ:

Խոհանոցն ամուսնուս սիրելի վայրն է:

Ամենից շատ երազում եմ կարողանալ շնչել ջրի տակ, կամ գոնե թռչել:

Եթե կարողանայի իմ այժմյան փոձով և աշխարհընկալմամբ դիմել 18-ամյա Լիդիային, ապա նրան ուղղված նամակում կգրեի. «Ոչնչից մի վախեցիր և մի ամաչիր»:

Հեղինակ` Դիանա Զաքարյան