Անդրե Սիմոնյանը նշում է ծննդյան օրը․ ո՞րն է այն միակ նվերը, որն արտիստը ցանկանում է ստանալ

The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի անդամ և Adana Project ռոք խմբի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանն այսօր՝ օգոստոսի 30-ին, նշում է իր 43-ամյակը։
Showbiz.am կայքի հետ զրույցում նա կիսվում է իր ամենանվիրական երազանքով, պատմում է, թե ինչպես է անցել ամենաստացված ծննդյան տոնը ու խոստովանում է՝ ինչ նվեր է նախընտրում ստանալ։
Պատմելով, թե ինչ երազանք է պահելու տորթի մոմերը փչելիս՝ Անդրեն ասում է․ «Համարյա ամեն տարի իմ երազանքը նույնն է, և ամեն տարի մեծանալով՝ ավելի ու ավելի եմ գնահատում իմ և իմ  շրջապատի առողջությունը։ Այս տարի, առավել ևս համաճարակային իրավիճակից ելնելով, երազում եմ, որ այս ամենն ավարտվի և բոլորն առողջ լինեն»։
Հիշելով ամենաստացված ծննդյան օրվա մասին՝ արտիստը կիսվում է հիշարժան պատմությամբ․ «Ես և իմ 3 շատ մտերիմ ընկերները ծնվել ենք նույն ամսվա ընթացքում ու նաև հասակակից ենք։ 3 տարի առաջ որոշեցինք, որ մեր ծննդյան տոնը նույն օրը պետք է նշենք հենց Հայաստանում։ Երեք տարբեր երկրներից հավաքվեցինք Հայաստանում, վարձեցինք մի ակումբ, այնտեղ հրավիրեցինք մեր սիրելի մարդկանց ու սիրելի խմբերին։ Բոլորին արգելել էինք իրենց հետ նվեր բերել, բացառությամբ խմիչքի, որովհետև ցանկանում էինք, որպեսզի իրենց բերած նվերներն էլ հայտնվեն այն սեղանին, որտեղ մեր հյուրասիրած խմիչքներն էին։
Բոլորը շատ շավ ժամանակ ունեցան, շատ-շատ հիշվող երեկո էր»։
Պատահական չէ, որ այդ օրն ընկերները հյուրերից միայն խմիչք են ցանկացել, փաստորեն Անդրեի համար ամենացանկալի նվերը հենց դա է։
«Յուրահատուկ նվերներ շատ եմ ստացել՝ հատկապես իմ ընտանիքի անդամներից և արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներից։ Բայց քանի որ ես ապրանք չեմ սիրում հավաքել տանը և ապրանքից փախչում եմ, նախընտրում եմ որպես նվեր ստանալ խմիչք, քանի որ դա օգտագործվում է հաճելի միջավայրում՝ չնայած ես շատ խմող չեմ։ Ընկեներիդ հետ այն կարող ես վայելել կամ եթե այն քեզ դուր չի գալիս, կարող ես առանց վատ զգալու դու էլ նվիրել ուրիշին։ Այդպիսով տան ապրանքն էլ չի շատանում»,- բացատրում է Անդրեն։
Դժվար է հավատալ, որ սիրելի երգիչն արդեն դառնում է 43 տարեկան։ Սակայն Անդրեն իր տարիքը սիրում է և յուրաքանչյուր եկող տարվա մեջ միայն լավն ու դրականն է տեսնում։
«Ես կյանքի մեծ ֆանատ եմ, բայց այո, ես էլ չեմ սիրում այն փաստը, որ մարդ ծերանում է։ Իհարկե, ամեն անցնող տարի իր հետ բերում է նոր գաղափարներ ու նոր աշխարհայացք, որը հետաքրքիր է դարձնում կյանքը»,- ասում է երգիչը։
Եզրափակելով իր խոսքը՝ հոբելյարը կիսվում է, թե ինչ կարևոր երկու նպատակ ունի այս տարի․«Այս տարի 2 հիմնական նպատակ ունեմ․ ավելի շատ ժամանակ անցկացնել բնության մեջ, որովեհտև կարիքն ավելի շատ եմ զգում և իհարկե, թողարկել այն դուետների ալբոմը, որը պետք է 2020-ի ապրիլին թողարկած լինեի, բայց համաճարակի պատճառով չստացվեց։ հույս ունեմ 2020-ի ավարտին կամ 2021-ի սկզբին կկարողանամ թողարկել, որովհետև շատ հետաքրքիր ձայնասկավառակ է ստացվել»։
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան