Բիլ Գեյթսն ընկերոջ՝ ներդրող Ուորեն Բաֆեթի ծննդյան 90-ամյակի առթիվ տորթ է պատրաստել (տեսանյութ)

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն ընկերոջ՝ գործարար և ներդրող Ուորեն Բաֆեթի ծննդյան կապակցությամբ տորթ է պատրաստել, որի տեսանյութը հրապարակել է թվիթերյան իր էջում։

Մոնտաժված տեսանյութն ընդամենը 60 վայրկյան է տևում, որի ընթացքում Գեյթսը ցույց է տալիս տորթի պատրաստման գործընթացը, որի վրա Բաֆեթի պատկերն է հայտնվում։ Իսկ ահա վերջում մի կտոր է առանձնացնում, որի կողքին հայտնվում է «Շնորհավոր 90-ամյակդ, Ուորեն» գրությունը։

Microsoft-ի հիմնադիրը նշել է, որ Բաֆեթի հետ իրենց միավորում է մաթեմատիկայի և թվերի նկատմամբ սերը, և հաշվել է, որ իրենց առաջին հանդիպումից ի վեր 10 649 օր է անցել:

Ավելի ուշ Գեյթսը նաև իր ու Բաֆեթի համատեղ լուսանկարն է հրապարակել և դրան կից նշել, որ շատ բան է սովորել Ուորենից, սակայն դրանց մեջ ամենակարևորն այն է, թե ինչպիսին պետք է լինի իրական ընկերությունը։