«Աստղային» դիետա. ինչպե՞ս է Ժիզել Բյունդխենին հաջողվում պահպանել սլացիկ կազմվածքը

Գեղեցիկ ու սլացիկ կազմվածք ունենալու մասին շատերն են երազում, սակայն ոչ բոլորին է հաջողվում հասնել ցանկալի արդյունքին, քանի որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու և կազմվածքը կարգի բերելու համար բավական լուրջ ջանքեր է հարկավոր գործադրել։

Աշխարհահռչակ սուպերմոդել Ժիզել Բյունդխենը միշտ փայլել է իր սլացիկ կազմվածքով, սակայն քչերին է հայտնի, թե ինչպես է նրան հաջողվում միշտ շլացուցիչ տեսք ունենալ: Շատերը ենթադրում են, որ մոդելի գեղեցիկ կազմվածքը բացառապես բրազիլական գեների շնորհիվ է, մինչդեռ իրականում նա լուրջ ջանքեր է գործադրում, խստորեն հետևում է իր սննդակարգին և օգտագործում է միայն առողջարար մթերք: «Դասեր: Իմ ուղին դեպի իմաստավորված կյանքը» խորագիրը կրող իր գրքում Բյունդխենը ներկայացրել է իր ամենօրյա սննդակարգը, որի շնորհիվ իրեն հաջողվում է խուսափել քաշի ավելացումից և պահպանել ինչպես սլացիկ կազմվածքը, այնպես էլ առողջությունը:

Արթնանալուն պես

Մոդելն իր օրն սկսում է մեդիտացիայով ու մարզանքով, որից հետո անպայման խմում է մի բաժակ գոլ ջուր՝ ավելացնելով դրան կես կիտրոնի հյութ:

Նախաճաշին

Սովորաբար նախաճաշին Բյունդխենը խմում է օգտակար կանաչ սմուզի, որի պատրաստման համար օգտագործում է թարմ նեխուր, վարունգ, կես խնձոր, քրքում, կոճապղպեղ, կիտրոնի հյութ, ճակնդեղ կամ կաղամբ: Սակայն մարզումների օրերին մոդելը սմուզին փոխարինում է սպիտակուցային կոկտեյլով: Կոկտեյլը սովորաբար պատրաստվում է թարմ մրգերով, կակաոյով, կանեփի սերմերով, չիայի սերմերով ու կոկոսյան ընկույզի հյութով, սակայն երբեմն Բյունդխենը դրան ավելացնում է նաև ընկույզի յուղ ու պրոտեինային փոշի:

Ճաշին

Ճաշին մոդելը սովորաբար ուտում է բուսական ծագման մթերք՝ կրեկերներով ու ավոկադոյով աղցան կամ սիսեռով ու բանջարեղենով ապուր: Բացի այդ, Բյունդխենը շատ է սիրում նաև նրբաբլիթներ, որոնք համադրում է տարբեր միջուկների հետ:

Լանչին ու հետճաշիկին

Օրվա ընթացքում սաստիկ քաղցի դեպքում Ժիզելը գերադասում է ուտել հումուս՝ համադրելով այն թարմ բանջարեղենի հետ: Այս օգտակար մթերքով կարելի է փոխարինել չիպսերն ու շոկոլադը, որոնք ոչ միայն նպաստում են քաշի ավելացմանը, այլև առհասարակ խիստ վնասակար են: Սակայն մոդելն ունի նաև փոքրիկ թուլություն, որից չի կարող հրաժարվել. նա սիրում է պանիր ուտել, սակայն օգտագործում է բացառապես այծի կամ ոչխարի կաթից պատրաստված պանիր, քանի որ կովի կաթ նրա օրգանիզմը չի ընդունում:

Ընթրիքին

Ընթրիքին ևս մոդելը նախապատվությունը տալիս է բուսական ծագման մթերքին: Առհասարակ Բյունդխենը հազվադեպ է միս օգտագործում, մինչդեռ բանջարեղենը, լոբազգիներն ու ամբողջահատիկ հատիկեղենը նրա ամենօրյա սննդակարգի անբաժանելի մասն են կազմում: Բացի այդ, շաբաթական մեկ անգամ մոդելը սիրում է ուտել բրնձի համեղ լապշա, որը չի պարունակում սնձան (գլյուտեն) կամ կինոայից պատրաստված պաստա:

Հեղուկներ

Սուպերմոդելը խստորեն հետևում է նաև օրվա ընթացքում ընդունած հեղուկների քանակությանն ու դրանց ընդունման ժամերին: Նա ոչինչ չի խմում ուտելու ընթացքում և ուտելուց 30 րոպե հետո, քանի որ ըմպելիքները դժվարացնում են մարսողության գործընթացը: Բացի այդ, Ժիզելը խուսափում է ալկոհոլային ըմպելիքներից և միայն խիստ հազվադեպ խմում է մի բաժակ գինի կամ մարգարիտա կոկտեյլ: