Մելանյա և Իվանկա Թրամփները վատ հարաբերությունների մե՞ջ են․ ի՞նչն է այսպիսի խոսակցությունների տեղիք տվել

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկան, Հանրապետական կուսակցության համագումարում փոխանակած հայացքներից հետո բորբոքել են իրենց միջև ենթադրյալ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները, գրում է The Indipendent-ը։

Օրերս համացանցում հայտնված տեսանյութում համագումարում ելույթով հանդես գալու համար Իվանկա Թրամփը կանգնել է հոր և խորթ մոր՝ առաջին տիկին Մելանյա Թրամփի կողքին։ Մելանյա Թրամփը սկզբում ժպտացել է ամուսնու դստերը, սակայն նրա թիկունքում հազիվ է զսպել տհաճության զգացողությունը։

ԱՄՆ առաջին տիկնոջ արձագանքը ցուցադրող կարճ հոլովակն արդեն 6 միլիոն դիտում ունի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն իր նախկին մտերիմ ընկերուհի և աշխատակից Ստեֆանի Վոլկոֆի մոտ դժգոհել է, որ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկան, իր նկատմամբ որպես առաջին տիկին հարգանք չի տածում և անընդհատ փորձում է ուշադրությունն իր վրա սևեռել։

Վոլկոֆն իր «Մելանյան և ես. առաջին տիկնոջ հետ իմ բարեկամության վերելքն ու անկումը» գրքում պատմում է, որ «Մելանյան դժգոհում էր, որ Իվանկան մշտապես մրցակցում է իր հետ՝ նրա փոխարեն ուշադրության արժանանալու համար, կարծես նա ավելին գիտեր և ավելի լավ առաջին տիկին կարող էր լինել»։