Չենինգ Տատումն իր հեղինակած մանկական գիրքը գովազդելու համար փերիի կերպարով լուսանկար է հրապարակել (լուսանկար)

Ամերիկացի դերասան Չենինգ Տատումն իր ինստագրամյան էջում զվարճալի լուսանկար է հրապարակել, որում նա փերիի կերպարով իր հեղինակած The One and Only Sparkella մանկական գիրքն է ընթերցում։

«Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց կարանտինի ընթացքում որոշ տարօրինակ բաներ կատարվեցին ինձ հետ։ Պատահմամբ ես փակվեցի իմ 7-ամյա դստեր սենյակում, որի արդյունքում իմ ներքին երեխային գտա։ Սա է այն, ինչ ստեղծել եմ փոքր դստերս համար, կարծում եմ՝ իմ միջի փոքր աղջկա համար»,- լուսանկարին կից գրել է դերասանն ու շնորհակալություն հայտնել իր հեղինակած գիրքն ընթերցելու համար։

Լուսանկարում Տատումն արքայադստեր «դիմակ», փերիի վարդագույն թևեր, գունավոր գոգնոց է կրում, որի տակից երևում է 40-ամյա դերասանի ամրակազմ մարմինը, որը շրջապատված է խաղալիք միաեղջյուրներով։