Փարիզում պղծել են Կոմիտասի հուշարձանը

Հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի աղաղակող դեպքերը հաճախակի են դարձել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումից հետո։
Այս անգամ վանդալներն իրենց սև գործն արել են աշխարհի մշակութային մայրաքաղաքներից մեկում՝ Փարիզում, որտեղ պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։ Այս մասին Facebook-ի իր էջում օգոստոսի 31-ին գրել էր օգտատեր Անժելա Կժդրյանը։
«Վանդալիզմը կորոնավիրուսի օրերին… Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են՝ «Կեղծիք է»», – գրել է նա՝ տեղադրելով լուսանկար:

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի CCAF France համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Փարիզում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս Վարդապետի արձանի մոտ, որը ժխտողական մակագրությամբ պղծվել էր նախօրեին։
Այս մասին տեղեկացնում է Ֆանսիայում Հայաստանի դեսպանատունը։