Քիմ Քարդաշյանը կոչ է արել քվեարկել «ԱՄՆ ոստիկանական համակարգում ողջամիտ բարեփոխման» օրինագծի օգտին

Ամերիկյան Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը սևամորթների դեմ իրականացվող բռնությունների և ռասիզմի դեմ Black Lives Matter միջազգային շարժման շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին կոչ է արել քվեարկել «ոստիկանական համակարգում ողջամիտ բարեփոխման» օրինագծի օգտին, գրում է Daily Mail-ը։

Իրապատում շոուի աստղը Թվիթերում հետևորդներին կոչ է արել քվեարկել Կալիֆոռնիայի Սենատի 731 օրինագծի օգտին:

«Այժմ Կալիֆոռնիայում գործող օրենքի համաձայն, եթե ոստիկանը, գտնվելով աշխատանքի վայրում, խախտում է օրենքը, դա նորմալ է։ Նրան օրենքը խախտելու համար չեն կարող դատի տալ»,- գրել է նա։

«Խնդրում ենք քվեարկել ԱՅՈ #SB731 ոստիկանական համակարգում ողջամիտ և չափավոր բարեփոխման համար: Դա պատասխանատվության կենթարկի ոստիկաններին՝ օրենքը խախտելու դեպքում»,- մյուս գրառման մեջ հավելել է Քարդաշյանը։

Նշվում է, որ ոստիկանական համակարգում բարեփոխման վերաբերյալ օրինագիծը քվեարկության է դրվել Վիսկոնսին նահանգի Կենոշայի ոստիկանության գործողություններից հետո, որի ժամանակ ոստիկանության աշխատակիցը չորս անգամ կրակել էր անզեն սևամորթ Ջեյքոբ Բլեյքին՝ գոտկատեղից ցած նրան կաթվածահար անելով․ դրանից հետո քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել։